Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(119)2025

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՆՐԻԿ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Ամփոփագիր

Աշխատանքային հարաբերությունների ընթացքում աշխատողներն ունենում են թե՛ անհատական և թե՛ կոլեկտիվ աշխատանքային իրավունքներ ու պարտականություններ, որոնց շրջանակը սահմանվում է կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով։ Այս պայմանագրերի կնքման, կատարման, փոփոխման և լուծման գործընթացներում, սակայն, հաճախ առաջանում են տարաձայնություններ կոլեկտիվ բանակցությունների կողմերի միջև։ Նման վեճերի լուծման մեխանիզմները սպառիչ կերպով ամրագրված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում։

ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է կարգավորում առ այն, որ կոլեկտիվ աշխատանքային վեճերի պարագայում դատական պաշտպանության առարկա կարող է հանդիսանալ միայն կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի դրույթների կատարման վերաբերյալ վեճը, ինչի արդյունքում չի նախատեսվել մինչ պայմանագրի կնքումը ձևավորված օրինական շահերի դատական պաշտպանության հնարավորություն։

Սույն աշխատանքով ներկայացվել է առաջարկ առ այն, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում կոլեկտիվ աշխատանքային այն վեճերով, որոնք վերաբերում են կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում դեռևս գոյություն չունեցող իրավունքների ձևավորմանը, այսինքն՝ օրինական շահերին, նույնպես դատական պաշտպանության իրավունք տրամադրել (օրինակ՝ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման կամ փոփոխման հետ կապված տարաձայնություններ)՝ հաշվի առնելով, ի թիվս այլնի, տվյալ տարաձայնության չլուծման դեպքում գործադուլի հայտարարման պարագայում առաջացող իրավական պատնեշի հանգամանքը։

Հիմնաբառեր. կոլեկտիվ աշխատանքային իրավունքներ, օրինական շահ, կոլեկտիվ աշխատանքային վեճ, դատական պաշտպանություն, գործադուլ։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.2-178