Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4(116)2024

ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆՈՒԹԱԳԾԵՐԸ

Մարտին Մանուկյան

Ամփոփագիր

     Հոդվածում հանգամանորեն վերլուծվում է, որ չնայած ժամանակակից պառլամենտարիզմի մի քանի մոդելներին, այնուամենայնիվ «մաքուր», այսինքն՝ մյուսներից լիովին տարբերվող մոդելներ պետական պրակտիկան չի ճանաչում, քանի որ յուրաքանչյուրում, ի շարս իր սեփական տիպային հատկանիշների, միշտ առկա են ուրիշների հատկանիշներ:

        Անդրադարձ է կատարել նաև այն պնդումներին, թե ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի հստակորեն է դրսևորվում պետական կառավարման համահավաք, խառը, անցումային ձևեր ստեղծելու միտումը: Նախագահական, խորհրդարանական դաշնության, ինքնավարության, պետական վարչակարգերի նախկին դասական ձևերը աստիճանաբար վերանում են, դրանց փոխարինում են կիսանախագահական, կիսախորհրդարանական հանրապետությունները, տարածաշրջանային պետությունները, որոնցում զուգորդվում են միատարրության, դաշնության, ինքնավարության հատկանիշները: Առաջանում են պետական իշխանության իրականացման նոր մեթոդներ, պետական վարչակարգերի այլ ձևեր, որոնք միավորում են ավտորիտարիզմի և ժողովրդավարության որոշ տարրեր:

     Հոդվածում հեղինակն անդրադարձել է նաև այն գաղափարին, որ մշակելով իշխանության տեսությունը՝ որոշ քաղաքագետներ և փիլիսոփաներ վերանայում են ժողովրդավարության ավանդական սկզբունքները: Այդ առումով իշխանությունների բաժանման տեսությանը փոխարինելու է գալիս «միասնական իշխանության» հայեցակարգը, խորհրդարանի առաջնայնության սկզբունքը փոխարինվում է գործադիր իշխանության մարմիններում հիմնական առաջնահերթությունները կենտրոնացնելու հիմնավորմամբ, իսկ ժողովրդական ներկայացուցչության տեսությունը հայտարարվում է հնացած և ոչ կիրառելի, քանզի արդի դարաշրջանում օրենսդիր և գործադիր իշխանությունների հարաբերակցությունը պետության մեջ փոփոխվել է: Գործադիր իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել է թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության առավել կարևոր լիազորությունները: Միտումը դրսևորվում է վարչապետի (կամ նախագահի, եթե նա գլխավորում է կառավարությունը) լիազորությունների աճով, որը հնարավորություն է ստանում ինքնուրույն ընդունելու կարևորագույն քաղաքական որոշումներ:

     Հիմնաբառեր. պառլամենտարիզմ, անտիկ, միջնադարյան, արդի մոդել, օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն, խորհրդարանական պետություններ, խորհրդարանական կառավարում, ժողովրդական ներկայացուցչություն, իշխանությունների տարանջատում:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.4-29