Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2 (110) 2023

ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՄԱՍՆԱՎՈՐ ԳԱՆԳԱՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՏԵՍՄԱՆ ՄԻՋՈՑ

Ն. ՇԱՀԻՆՅԱՆ

Ամփոփագիր
Հոդվածը նվիրված է մասնավոր մեղադրանքի վարույթով նախատեսված իրավական կարգավորումների ուսումնասիրությանը։ Նկատի ունենալով վարույթի նորույթ լինելը ՀՀ իրավական համակարգի համար՝ հոդվածում հետազոտվել է մասնավոր մեղադրանքով վարույթի
շրջանակներում քննության առարկա դարձող հանցակազմերի շրջանակը, դրանց բնույթն ու համապատասխանությունը վարույթի առանձնահատկություններին։
Քանի որ տուժողը նոր կարգավորումների համաձայն դարձել է մասնավոր մեղադրանքով վարույթի գործերով ապացուցման պարտավորության հիմնական կրողը, տարբեր իրավական ակտերի ուսումնասիրության միջոցով հոդվածում ներկայացվել են տուժողի սահմանափակ իրավաբանական հնարավորություններն այդ պարտականությունն իրացնելիս։ Օրենսդրական կարգավորման տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում նաև նշված վարույթով անձի՝ մեղադրյալի կարգավիճակի ձեռք բերումը, ուստի ներկայացվել են նաև այդ կարգավիճակի ընկա-լումներն այլ իրավական ակտերում և դրա ազդեցությունը մեղադրանքը հիմնավորող նյութերի կշռի վրա։ Առանձնակի ուշադրություն է դարձվել քրեական հայցին ներկայացվող պահանջներին, քննարկման առարկա է դարձել քրեական դատավարության օրենսգրքի մեղադրանքը հիմնավորող նյութեր ձևակերպումը և պահանջը, որ դատարան կանչվող անձանց բնակության կամ հաշվառման հասցեները պետք է մատնանշվեն քրեական հայցում։
Նկատի ունենալով դիսպոզիտիվության տարրերի ուժեղացումը մասնավոր մեղադրանքով վարույթում՝ համեմատական վերլուծություն է անցկացվել քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության համապատասխան կարգավորումների միջև։
Բացահայտվել են անձի կողմից պարբերաբար նույնաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքում մասնավոր մեղադրանքի գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու հնարավորությունները՝ դատախազին համապատասխան հայեցողական լիազորությամբ օժտելու համատեքստում։
Հիմնաբառեր. մասնավոր գանգատ, տուժող, մեղադրյալ, ապացուցման բեռ, հայեցողական լիազորություն, մասնավոր դատարան:
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.2-206