Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4(121)2025

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Նազելի Սուքիասյան Գառնիկ Սուքիասյան

Ամփոփագիր

Իրավաբանական պատասխանատվության հիմնախնդիրները այսօր էլ շարունակում են մնալ իրավաբան գիտնականների ուշադրության կենտրոնում: Հասարակական հարաբերությունների ժամանակակից զարգացումները օրվա հրամայական են դարձնում իրավունքի ճյուղային պատասխանատվության հետազոտման և գիտական մշակման անհրաժեշտությունը, որի նպատակը ըստ հասարակական հարաբերությունների ծագման ոլորտների տեղ գտած իրավախախտումների կարգավորումն է: Պետության պատժողական քաղաքականության համակարգի տարբեր ոլորտներում տեղ գտած իրավախախտումների, պետական հարկադրանքի, պատասխանատվության և պատժի հիմնախնդիրների բացահայտումներին են նվիրված հեղինակների գիտական հետազոտությունները, որի մեթոդաբանական աղբյուրը իրավագիտության ոլորտում ժամանակի ընթացքում մշակված մասնավոր և հանրային իրավունքի ճյուղերի ընդհանուր իրավաբանական պատասխանատվության հայեցակարգային դրույթներն են, որոնց իրավահամեմատական հետազոտությունները հնարավորություն են ընձեռում իրավաբանական ավանդական պատասխանատվության տեսակներից սահմանազատել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը՝ ըստ այն առանձնահատկությունների, որոնց իրավական կարգավորումներն ուղղված են ժամանակի արտադրատնտեսական հարաբերությունների սուբյեկտների գործունեության որակների գնահատմանը: Հեղինակները իրավաբանական պատասխանատվությանը նվիրված իրավաբանական գրականության վերլուծությունների հիման վրա հանգում են այն եզրակացության, որ իրավաբանական անձի պատասխանատվությունը իրավաբանական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որի սահմանազատման հիմնական առանձնահատկությունները բացառապես պայմանավորված են պետության արտադրատնտեսական, նյութական բարիքների արտադրության ոլորտում դրամական միջոցների հավաքման, բաշխման և վերաբաշխման գործընթացներում տեղ գտած քրեաիրավական խախտումների բացահայտման և դրանց՝ ըստ պետության ֆինանսական գործունեության առանձին ոլորտների դասակարգման հետ: Հոդվածի հեղինակները, ելնելով իրավաբանական պատասխանատվության արդյունավետության սկզբունքներից, հարազատ մնալով իրավաբանական պատասխանատվության մեթոդաբանական հնարքներին, ընդգծում են, որ ի տարբերություն քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության տեսակների, քանի որ ֆինանսաիրավական պատասխանատվությունն արտահայտվում է ֆինանսաիրավական նորմի սանկցիայում, այն ըստ էության իրավահարաբերություն է, որի պաշտպանությունը սահմանված է օրենքով, իսկ խախտման դեպքում վրա է հասնում պետական հարկադրանքը՝ ֆինանսաիրավական ներգործության ձևերով: Հոդվածում զարգացվում է այն միտքը, որ իրավաբանական անձի պատասխանատվության իրավական հիմքը ֆինանսական իրավախախտումն է, որն արտահայտում է իրավախախտման հետևանքով վնասված ֆինանսական պարտավորության հանրային-իրավական բնույթը, հնարավորություն ընձեռելով ֆինանսաիրավական պատասխանատվությունը սահմանազատել իրավական պատասխանատվության մյուս ձևերից և ճանաչել իրավաբանական անձի ֆինանսաիրավական պատասխանատվության գործնական կիրառման առավելությունները՝ որպես վերջինիս ինքնուրույն գոյության փաստ: Առաջնորդվելով ֆինանսաիրավական պատասխանատվության առանձնահատկություններով՝ հոդվածում հիմնավորված է, որ պատասխանատվության այս տեսակն ունի պետությանը հասցված վնասի բացառապես ամբողջական վերականգնողական բնույթ: Հեղինակները ֆինանսական պատասխանատվության ձևավորման մեթոդաբանության առանձնահատկություններով վերլուծում են իրավաբանական անձինորպես հիշյալ պատասխանատվության սուբյեկտի, իրավախախտումների տեսակները և իրավական հիմնավորումներով ընդգծում են ֆինանսաիրավական պատասխանատվության ինքնուրույն գործածման և կիրառման անհրաժեշտությունը՝ որպես ՀՀ-ում իրականացվող տնտեսական, ֆինանսական, հարկային, արժութային բարեփոխումների իրավական երաշխիք:

Հիմնաբառեր. հարկադրանք, պատասխանատվություն, իրավաբանականպատասխանատվություն, տուգանք, տույժ, վերականգնողական վարույթ, պատժատեսակ, պատժամիջոց:

DOI: https://10.59560/18291155-2025.4-38