Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2 (110) 2023

ՔՈՒՔԻՆԵՐԻ (COOKIES) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ս. ՍԻՄՈՆՅԱՆ, Լ. ԱՂԱՋԱՆՅԱՆ

Ամփոփագիր

Ժամանակակից թվային տնտեսության մոդելը հիմնված է համացանցում առկա մեծ ծավալների տվյալների օգտագործման արդյունքում որոշումներ կայացնելու վրա։ Համացանցում տվյալների օգտագործման ամենատարածված միջոցներից են հանդիսանում քուքիները։ Վերջիններս, բացի կայքերի բնականոն գործունեությունն ապահովելուց, հնարավորություն են ընձեռում վերլուծել օգտատերերի վարքագիծը՝ առևտրային նպատակներով որոշումներ ընդունելու համար։ 
Հաշվի առնելով վերլուծվող տվյալների ահռելի քանակը՝ քուքիները լուրջ վտանգ են ներկայացնում անձի իրավունքների, մասնավորապես՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի տեսանկյունից։ Վերը նշված վտանգները չեզոքացնելու համար աշխարհի մի շարք երկրներում ընդունվել են օրենսդրական ակտեր, որոնք կոչված են կանոնակարգելու քուքիների օգտագործումը։ Հաշվի առնելով Հայաստանյան դոկտրինայում քննարկվող հարցի վերաբերյալ ուսումնասիրությունների բացակայությունը՝ սույն հոդվածի առաջին մասը կոչված է բացահայտելու քուքիների՝ որպես տեխնոլոգիական ֆենոմենի էությունը, դրանց դերն ու նշանակությունը թվայնացման արդի դարաշրջանում։ Հեղինակները ներկայացնում են քուքիների դասակարգումը՝ ընդգծելով դրանց առնչությունը օգտատերերի իրավունքներին։ Դրան հաջորդում է քուքիների՝ որպես իրավական երևույթի հասկացության ուսումնասիրությունը, ինչպես նաև վերջիններիս և անձնական տվյալների հարաբերակցությունը։
Աշխատանքի երկրորդ մասը կոչված է քննարկելու այն երաշխիքները, որոնք պաշտպանում են անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը համացանցում քուքիների օգտագործման պարագայում։ Մասնավորապես, աշխատանքը խորապես ուսումնասիրում է քուքիների տեղադրման համար համաձայնություն ստանալու կարգը, ինչպես
նաև վերհանում այն սուբյեկտներին, որոնք կրում են օգտատերերից այդպիսի համաձայնություն ստանալու պարտականությունը։ Հոդվածում քննարկվում են վերոնշյալ հարցերը ՀՀ իրավունքում կարգավորվածության տեսանկյունից, ինչպես նաև հիմնվում է ԵՄ և Ֆրանսիայի իրավունքների ուսումնասիրության վրա այնքանով, որքանով դա կօգնի բացահայտել քննարկվող խնդիրները և ներկայացնել դրանց լուծումները։
Հիմնաբառեր. քուքի, անձնական տվյալ, համաձայնություն, տվյալներ մշակող, վեբ կայք։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.2-44