Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2 (114) 2024

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Շողեր Գրիգորյան

Ամփոփագիր

Ժամանակակից աշխարհում տեղեկատվական անվտանգությունն առանցքային դեր է խաղում պետությունների կայունության և անվտանգության պահպանման գործում: Վերջին տարիներին, միջազգային ասպարեզում ընթացող գործընթացներով պայմանավորված՝ պետություններն ավելի մեծ և առաջնային ուշադրություն են դարձնում տեղեկատվական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ոլորտում հնարավոր սպառնալիքների և մարտահրավերների հակազդմանը։ Սույն հոդվածում ուսումնասիրվում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգը՝ շեշտը դնելով դրա քաղաքական ասպեկտի վրա, որը կարևոր է ազգային ինքնիշխանության և պետական կայունության պահպանման համար: Տեղեկատվական անվտանգությունն այս համատեքստում ներառում է տեղեկատվական տարածքի պաշտպանությունը արտաքին և ներքին սպառնալիքներից, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, քարոզչությունը և հիբրիդային պատերազմը: Գլոբալիզացիայի և տեխնոլոգիաների արագ զարգացման համատեքստում տեղեկատվությունը դառնում է կարևոր ռազմավարական ռեսուրս, և դրա պաշտպանությունը անհրաժեշտ պայման է ազգային անվտանգության ապահովման համար։ Հոդվածում ընդգծվում է, որ տեղեկատվական անվտանգությունը քաղաքական համատեքստում պահանջում է ինտեգրված մոտեցում, որը համատեղում է տեխնոլոգիական, իրավական, կրթական և միջազգային միջոցառումները: Միայն բոլոր մակարդակներում ջանքերի համակարգման միջոցով է հնարավոր արդյունավետ հակազդել ժամանակակից տեղեկատվական սպառնալիքներին և ապահովել տեղեկատվական հասարակության երկարաժամկետ կայունությունն ու անվտանգությունը:

 

Հիմնաբառեր. տեղեկատվական անվտանգություն, մարտահրավերներ, սպառնալիքներ, հիբրիդային պատերազմներ, ապատեղեկատվություն, ռազմավարություն, քաղաքական կայունություն։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.2-180