Top.Mail.Ru

ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ XIX ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

4 հունիսի 2024թ.

 2024թ․ մայիսի 21-ից 24-ը Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլեի հրավերով Քիշնևում մասնակցել է Եվրոպական սահմանադրական դատարանների վեհաժողովի XIX համագումարին։
Վեհաժողովի մասնակիցներին ողջունել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն։ Տիկին Սանդուն բարձր է գնահատել  Եվրոպական սահմանադրական դատարանների վեհաժողովի XIX համագումարի անցկացումը Մոլդովայի մայրաքաղաքում՝ վեհաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք։
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 մասնակիցներ՝ եվրոպական սահմանադրական դատարանների նախագահներ և դատավորներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Սիոֆրա Օ Լիրին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Քլեյր Բազի Մալաուրեն, Եվրոպական միության արդարադատության դատարանի ներկայացուցիչներ, Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ասոցիացիայի, Արաբական սահմանադրական դատարանների և խորհուրդների միության, Աֆրիկյան սահմանադրական իրավասությունների կոնֆերանսի, Սահմանադրական դատարանների Եվրասիական ասոցիացիայի, Պորտուգալախոս երկրների սահմանադրական իրավասությունների կոնֆերանսի ներկայացուցիչներ։
Եվրոպական սահմանադրական դատարանների վեհաժողովի XIX համագումարում  վեհաժողովի նախագահությունը փոխանցվել է Ալբանիային։
Եվրոպական սահմանադրական դատարանների վեհաժողովը միավորում է սահմանադրական վերահսկողություն իրականացնող եվրոպական 40 սահմանադրական կամ համարժեք դատարանների ներկայացուցիչների։ Այն ներկայացնում է սահմանադրական վերահսկողությամբ լիազորված դատական մարմինների միջև բազմակողմ համագործակցության եվրոպական կարևորագույն հարթակներից մեկը: