Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

23 հոկտեմբերի 2023թ.

2023 թվականի հոկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի  նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ուժի մեջ մտնելու հնգամյակի առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կազմակերպված աշխատաժողովին։
«Դատական երկխոսություն՝ 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքի մեխանիզմի միջոցով» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովը համախմբել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների ազգային Բարձր դատարանների նախագահներին և մշտական ներկայացուցիչներին:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է 16-րդ արձանագրության դերը Սահմանադրությունների և Բարձր դատարանների զարգացման գործում, ինչպես նաև՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմի կիրառումը ազգային դատարանի և Ստրասբուրգի դատարանի տեսանկյունից։ Նիստի մասնակիցները կիսվել են մեխանիզմի կիրառման իրենց փորձով: 
Կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ առաջարկվող խորհրդատվական կարծիքը գործիք է, որի միջոցով ներպետական դատարանները հաղորդակցվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ։
Ծանոթագրություն. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 16-րդ արձանագրությամբ ներդրված՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմը չի պարտադրում կողմերին ենթարկվել խորհրդատվական կարծիքում նշված առաջարկություններին և չի ստեղծում հնարավոր վտանգ ներպետական օրենսդրությունների համար։
Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը վավերացրել է 22 պետություն։