ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատվարժա՛ն ներկայացուցիչներ,
Ձե՛րդ գերազանցություն դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր այս հոյակապ դահլիճում ներկաներս ու մեր ողջ ժողովուրդը նշում ենք Հայաստանի Հանրապետության տոնացույցի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը։ Այո՛, ամենանվիրական, քանզի մեր ժողովուրդն իր դարավոր ու մարտահրավերներով լեցուն պատմությամբ երկար է սպասել Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմանն ու սեփական ճակատագիրն անձամբ կերտելու հնարավորությանը, իսկ այս տոնն այդ իրողության վկայությունն է, և կարծում եմ՝ ամենևին պատահական չէ, որ Սահմանադրության և պետական խորհրդանիշների տոնը նույն օրն են նշվում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
1995 թվականի ճիշտ այս օրը՝ հուլիսի 5-ին, մեր ժողովուրդը կատարեց անկախության հռչակումից հետո իր հաջորդ կարևորագույն քայլը՝ ընդունելով Մայր օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Եվ ահա, հայոց պետականության վերականգնման 34 տարիներից 30-ը մենք միասին անցել ենք՝ Սահմանադրության պատվարով ամուր պաշտպանված։
Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ ո՛չ անկախության վերականգնմամբ և ո՛չ էլ Սահմանադրության ընդունմամբ մեր ժողովրդի ու պետության առջև ծառացած մարտահրավերներն ինքնաբերաբար չեն վերացել: Ավելին, անկախության վերականգնումն ու հայոց պետականության ամրապնդումը որոշ առումներով նոր մարտահրավերներ են առաջ բերել։
Բայց անգամ այս պարագայում, ցանկացած տեսակի և ձևի մարտահրավերների հաղթահարումն էլ ուղղակիորեն կապված է Սահմանադրության, դրանում ամրագրված արժեքների գործնականում պահպանման և ամուր ժողովրդավարական պետություն կառուցելու հետ։
Եթե հասարակական երևույթների առնչությամբ պատշաճ է այդպես արտահայտվել, ապա սա հենց այն դեպքերից է, երբ պետք է ասել, որ անկախ և ժողովրդավարական պետությունն ու Սահմանադրությունն օրգանական մեկ ամբողջություն են. մեկը մյուսի գոյության երաշխավորն ու պաշտպանը:
Պետությունն առանց Սահմանադրության, առանց հիմնական օրենքի կարող է իրողություն լինել, և մարդկության պատմությունը, այդ թվում՝ մեր ժողովրդի, ունի դրա բազում օրինակները: Սակայն դա այն իրավիճակն է, երբ բացակայում է բնական, համընդհանուր ու համապարտադիր կանոնը, այն կանոնը, որը հաստատվում է բարձրագույն իշխանության միակ աղբյուրի՝ ժողովրդի կողմից՝ որպես իրեն ու իր անդամներին կառավարելու ձև և սահման, այն կանոնը, որը գերակա է ժողովրդի առանձին անդամների ու նրանց միավորումների կամքի նկատմամբ և վեր է դրանից:
Իսկ Սահմանադրությունը՝ առանց պետականության, հոգի է առանց մարմնի: Երբ կա ինքնուրույնության ու ինքնորոշման արժեքը գիտակցող ժողովուրդ, սակայն չկա ժողովուրդների ինքնակազմակերպման բարձրագույն ձևը՝ պետությունը, Սահմանադրությունն ընդամենը թղթի վրա գրված երազանք է:
Մեր պատմության ընթացքում եղել է այդպիսի ժամանակաշրջան, երբ ունեցել ենք Սահմանադրություն, սակայն չենք ունեցել պետականություն: Դեռ 1773 թվականին հայր և որդի Հակոբ և Շահամիր Շահամիրյանները հեռավոր Մադրասում հայկական պետականության կարոտից ու դրա անհրաժեշտության գիտակցումով կազմեցին հայ իրավական և լուսավորական մտքի գոհարներից մեկը՝ Որոգայթ փառացը, ապագայում ստեղծվելիք հայկական պետության սահմանադրությունը, որն իր ժամանակի ամենաառաջադեմ իրավաքաղաքական փաստաթղթերից մեկն էր, իրավական մտքի հրաշալի ու վառ օրինակ:
Դրա հեղինակները գիտակցում էին, որ հայն արժանի է պետականության, նա կարող է և պե՛տք է վերականգնի իր պետականությունը, քանի որ, նախ, դա է պահանջում պատմական արդարությունը, և դրա համար կան անհրաժեշտ բոլոր, ներառյալ՝ մշակութային, պատմական, քաղաքակրթական նախադրյալները և, երկրորդ՝ քանի որ դա հայի տեսակի համար գոյաբանական ամենակարևոր խնդիրներից է, նրա արժանապատիվ ապրելու և մյուս ժողովուրդների հետ հավասարի դիրքերից հարաբերություններ ունենալու հնարավորությունը:
Սեփական պետականությունն ունենալու այս գոյաբանական շարժառիթների հիմքում նաև շատ կոնկրետ ու ռացիոնալ փորձ կար: Մերձավոր և արևելյան ասիայում գործունեություն ծավալող հայ վաճառականներն ու ձեռներեցները, որոնց դասին էին պատկանում նաև Շահամիրյանները, չնայած իրենց ունեցած ահռելի հարստությանը՝ այդուհանդերձ անզոր ու անպաշտպան էին իրենց պետությունների հովանավորությամբ գործող մյուս վաճառականների հետ մրցապայքարում:
Ձգտելով հավասարեցնել իրենց հնարավորությունները մրցակիցների հետ պայքարում՝ հայ վաճառականները փորձեցին պաշտպանություն գտնել այլ պետությունների դրոշների ներքո՝ վերջիններիցս գնելով այդ իրավունքը: Սակայն դա, այնուամենայնիվ, իրենց պետության դրոշը չէր, և նրանք չէին կարող փոխադարձ հավատարմություն պահանջել այդ պետությունից ու, ինչպես հետագայում ցույց տվեց պատմությունը, բոլոր դեպքերում էլ ի վերջո խաբվեցին՝ կորցնելով թե՛ իրենց կարողությունը, թե՛ իրենց առաջնային ու գերիշխող դիրքերն այդ տարածաշրջանում:
Ինչևէ, չնայած Որոգայթ փառացը մեծ ազդեցություն ունեցավ հայ իրավական ու քաղաքական մտքի զարգացման վրա և առանձին դեպքերում արդիական է նաև այժմ, սակայն այն թղթին հանձնված երազանք էր, և դրա ստեղծումից պետք է անցներ գրեթե 150 տարի, հայ ժողովուրդը, նրա որդիներն ու դուստրերն իրենց պատմական հայրենիքում օտար տիրակալների կողմից դեռ պետք է ենթարկվեին ամենատարբեր խտրականությունների ու բռնությունների, տեսնեին բազում արհավիրքներ, այլ պետությունների համար դեռ շատ արյուն պետք է թափեին, մինչև այն պահը, երբ կվերականգնվեր իրենց պետականությունը:
Այժմ իրականացել է մեր նախնիների երազանքը. մենք ունենք պետություն, Սահմանադրություն և ժողովրդավարություն, և մեր խնդիրն է աչքի լույսի պես պաշտպանել դրանք, պաշտպանել այն գիտակցումով, որ դրանք ոչ թե վիճակահանությամբ մեզ բաժին ընկած պարգևներ են, այլ հազարավոր նվիրյալների արյամբ ու քրտինքով մեզ համար վաստակած անգերազանցելի արժեքներ, որոնք յուրաքանչյուրիս ամենօրյա հոգածության ու նվիրումի կարիքն ունեն՝ այն պատասխանատվության գիտակցումով, որ մեր սերունդներին ենք փոխանցելու ավելի ամուր, ավելի անվտանգ և ավելի ժողովրդավարական պետություն:
Դրա համար Սահմանադրությունն ու սահմանադրականությունը՝ ընդհուպ ենթագիտակցական մակարդակով, պետք է ընկալվեն որպես մեր պետականության ու պետական կացութաձևի անքակտելի մասեր: Յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և համազգային նպատակների ճանաչումը, այլև դրանք մեր ամենօրյա կյանքի ու կենսակերպի բաղկացուցիչ տարր դարձնելը՝ արտացոլելով մեր անձնական և հանրային կյանքում։ Մենք պարտավոր ենք անել այն ամենը, ինչը հարկավոր է, որպեսզի մեր երկրում ձևավորվի Սահմանադրությունը զգացող, դրանով ապրող ու այն գնահատող հասարակություն, ինչպես նաև դրանում հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:
Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու ժողովրդավարական ինստիտուտները, երաշխավորելով իրավունքի գերակայությունը: Անձամբ ես մեր երկրի զարգացման համար այլ ուղի չեմ տեսնում ու չեմ պատկերացնում:
Մենք պետք է լիարժեք օգտվենք այն բացառիկ հնարավորությունից, որ տալիս է Սահմանադրությունը՝ միավորելով հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հանգամանքներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:
Մենք պետք է լիարժեք օգտվենք այն յուրահատուկ/բացառիկ հնարավորությունից, որ տալիս է Սահմանադրությունը, և ձևավորենք այնպիսի հանրային իրավագիտակցություն, որով մերժելի կլինի անարդարությունն ու խտրականությունը, և որն անտարբեր չի լինի իր պետության բարեկեցության ու սահմանադրական արժեքների նկատմամբ, որտեղ իրավունքի գերակայությունը կընկալվի որպես կայուն ու անփոփոխ, որևէ միջամտության համար անհասանելի մի իրողություն, որը չի ճանաչում այլ ազատություն կամ հավասարություն, քան այն ազատությունն ու հավասարությունը, որը գալիս է իրավական օրենքից:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Չպետք է մոռանանք նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով, հնարավորություններով և պարտականություններով: Հենց այդ բաբախող սրտի անխափան աշխատանքն է մեր պետական ինստիտուտների հետագա կայացման, իրավունքի գերակայության խթանման, սահմանադրական մշակույթի ամրապնդման ու հայկական ժողովրդավարության երկարաժամկետ հաջողության անվիճելի գրավականներից մեկն ու երաշխիքը:
Սիրելի՛ քաղաքացիներ,
Այո՛, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր կարողություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:
Վերստին շնորհավորելով բոլորիս այս կարևոր տոնի կապակցությամբ՝ ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս օրը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր հավաքական հանձնառությունը՝ սրբությամբ պահելու Սահմանադրությունն ու պետական խորհրդանիշները՝ որպես հայոց պետականության հարատևության անքննարկելի խարիսխներ և իրավական ու ժողովրդական պետություն կառուցելու անմրցելի գրավականներ։
Աստված պահապան մեր ժողովրդին ու պետությանը:
Շնորհակալություն ուշադրության համար:
Տեսանյութը հղումով` https://www.youtube.com/watch?v=BhhAlJUSK6c
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: