Top.Mail.Ru

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

5 հուլիսի 2023թ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
 
Արդեն 28 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես  Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր: 
Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ հարկ եմ համարում վերստին փաստել, որ պետության համար բացարձակ արժեքներ հանդիսացող պետական խորհրդանիշների նշանակության գիտակցումն ու պատշաճ արժևորումը կենսական կարևորություն ունեն երկրի և ժողովրդի ներկայի ու ապագայի համար:
Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Հավասար իրավունքներն ու հնարավորություններն են պայմանավորում այն սահմանադրական արժեբանությունը և փիլիսոփայությունը, որոնց պաշտպանության պարտականությունը կրում է պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմին իր ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։
Սահմանադրությունը ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության ու լիազորությունների առաջնային աղբյուր և զսպումների ու հակակշիռների համակարգ է, այլ նաև ուղեցույց, որով հնարավոր է հասնել Սահմանադրությամբ հռչակված նպատակներին: Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ արժեքներ, որոնք պահանջում են մշտական հոգածություն, քաղաքացիական համախմբվածություն և զգոնություն՝ հաշվի առնելով այն բարդ միջազգային զարգացումները, որոնցով անցել և անցնում է մեր հանրապետությունը։ 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հուլիսի 5-ի խորհուրդն ավելի ընդգրկուն է. այս օրը, ինչպես պետական իշխանության գերագույն մարմինները, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է վերահաստատի իր անվարան հանձնառությունը և նվիրումը՝ սրբորեն պահպանելու պետական խորհրդանիշները և Սահմանադրությունը, գործելու արժեքային որոշակի տրամաբանության շրջանակներում, որոնց վրա էլ հենվում է մեր ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը։
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին:
 
Արման Դիլանյան
Սահմանադրական դատարանի նախագահ