Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՄԻԵԴ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԿՈ ԲՈՍՆՅԱԿԻՆ

16 մայիսի 2024թ.
ՄԻԵԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ Է հղել ՄԻԵԴ նորընտիր Նախագահ Մարկո Բոսնյակին։

Ուղերձում նշված է.


Մեծարգո՛ պարոն նախագահ,


Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ դատական համակարգում Ձեր երկարամյա աշխատանքային փորձն ու մասնագիտական բարձր գիտելիքները թույլ կտան է՛լ ավելի բարձրացնել նշաձողը՝ Եվրոպա աշխարհամասում իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում։

ՀՀ Սահմանադրական դատարանը մշտապես կողմնակից է ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև համագործակցության խթանմանը։ Դրա վառ ապացույցն է ՀՀ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի միջև առկա, տարբեր ձևաչափերով, բարձր մակարդակի համագործակցությունը։
Սիրով  վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն է՛լ ավելի ամրապնդելու և շարունակաբար զարգացնելու արդեն իսկ ձևավորված դրական փոխհարաբերությունները՝ ՀՀ Բարձր դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև։

Համոզված եմ, որ Ձեր նախագահությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակի անշեղորեն զարգանալ։


Հարգանքով՝                                                                                             
ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ