Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
2022 թվականը հայ մարդու ու մեր երկրի համար լի էր տարաբնույթ փորձություններով և մարտահրավերներով։ Թեև անցնող տարվա ընթացքում ունեցանք կորուստներ ու դժվարություններ, այդուհանդերձ տարեմուտը հենց այն կարևոր ժամանակահատվածն է, երբ պարտավոր ենք հետադարձ հայացք նետել հեռացող տարվան այն հավատով, որ մեր պետության ու յուրաքանչյուրիս համար ավելի պայծառ և լուսավոր օրերը դեռ առջևում են։ Տարեմուտն անցյալը վերարժևորելու, հեռացող տարին ամփոփելու և նոր հնարավորություններ դիտարկելու ժամանակաշրջան է։
Ցավոք, այսօր մեր տարածաշրջանը բարդ իրավիճակում է: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները և վերջին շաբաթներին Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ «կյանքի ճանապարհի» փակումը փաստացիորեն ստեղծել են հումանիտար ճգնաժամ: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ գործողությունները հարված են նաև «ազատ աշխարհին», ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների այն առաջադեմ համակարգին, որը դավանում է մեր պետությունը։ Նման պայմաններում մեր հաջողության գրավականը մեծապես կախված է լինելու ոչ միայն սահմանադրական մարմինների ու պետական համակարգի անխափան աշխատանքից, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ սեփական ուժերի ու ջանքերի հանդեպ խորը հավատից ու առկա հնարավորությունների ճիշտ արժևորումից: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հիմա, առավել քան երբևէ, չհանձնվելու, պայքարելու ու արարելու անկոտրում կամք, ցանկություն և հանձնառություն ունի։
Սիրելի՛ հայրենակիցներ,
2022 թվականը Սահմանադրական դատարանի համար նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի մեկնարկով։ Անցնող տարում Բարձր դատարանը նախաձեռնել և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք միտված են սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը ժամանակակից և թվային լուծումներով հագեցնելուն, այն ավելի ներառական, թափանցիկ ու հաշվետու դարձնելուն: Այս գործընթացին մեծ աջակցություն են ցուցաբերում մեր միջազգային գործընկերները, ինչպես նաև Բարձր դատարանի դատավորներն ու ամենօրյա աշխատանքում ներգրավված աշխատակազմը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տարեմուտի իմ լավագույն մաղթանքներն ու շնորհակալության անկեղծ խոսքերն այսօր նախևառաջ ուղղում եմ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին, առաջնագծում և իրենց զորամասերում հենց այս պահին մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինվորներին ու սպաներին. շնորհակալություն եմ հայտնում ձեզ խիզախ ծառայության ու խաղաղության դիրքերում ամուր կանգնած լինելու համար: Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների և առողջապահության ոլորտի այն աշխատողներին ու ընդհանրապես բոլոր այն մարդկանց, որոնք Ամանորը դիմավորում են ոչ թե իրենց ընտանիքի անդամների ու սիրելիների հետ, այլ աշխատանքի վայրում:
Սահմանադրական դատարանի անունից մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, իսկ մեր ընտանիքներին՝ առողջություն, բարօրություն ու երջանկություն։ Թող միշտ սիրո, հոգատարության ու փոխըմբռնման մթնոլորտ տիրի յուրաքանչյուրիս տանը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: