Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (111) 2023

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Մ. ՄԵԼԻՔՅԱՆ

Ամփոփագիր

Արտասահմանյան տարբեր երկրների և ներպետական օրենսդրության մի շարք ինստիտուցիոնալ կառուցակարգերում և իրավանորմերում հանցագործության պրովոկացիայի վերաբերյալ ամրագրված են որոշ դրույթներ, որոնք այս կամ այն կերպ հարաբերակցում են քրեաիրավական տարբեր ինստիտուտների հետ։ 
Այդ համատեքստում՝ պայմանավորված հատկապես 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի նորամուծություններով, առանձնակի կարևորվում է հետազոտության առարկա դարձնել հանցագործության պրովոկացիայի դրսևորումները անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում։
 Մասնավորապես, այդ նորամուծությունների շարքում առանձնանում է պրովոկացիոն դրսևորումների՝ որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակի բացակայության պայմանի նախատեսումը։ 
Նախատեսված նորամույծ պայմանը՝ անհրաժեշտ պաշտպանության շուրջ ձևավորված հարուստ փորձի համադրությամբ, խթան կհանդիսանա հանցագործության պրովոկացիայի դրսևորումները պատկերացնելու, տվյալ երևույթի տեղը քրեական իրավունքում ճշգրտելու, ինչպես նաև ներպետական կարգավորումների առաձնահատկություններն ընդգծելու, դրանցում առկա հիմնախնդիրները վերհանելու և զարգացման հետագա միտումները կանխորոշելու համար։ 
Հոդվածի շրջանակներում քննարկման առարկա են դարձվել անհրաժեշտ պաշտպանության և հանցագործության պրովոկացիայի համակցված կապի, անհրաժեշտ պաշտպանության իմիտացիայով պրովոկացիա իրականացնող և պրովոկացիայի ենթարկվող անձանց քրեաիրավական գնահատականների հիմնահարցերը։ 
Հոդվածում առաջ քաշված թեզերը հիմնվել են դոկտրինալ մեկնաբանությունների, դատական պրակտիկայում ձևավորված իրավական դիրքորոշումների, արտասահմանյան երկրների և ներպետական փորձի վրա, ինչն էլ ավելի է ամրապնդել դրանց հիմնավորվածությունը։
Վերհանված խնդիրների շուրջ կատարվել են համապատասխան եզրահանգումներ և առաջ քաշվել համապատասխան առաջարկներ, որոնք օգտակար կլինեն, ինչպես քննարկված ինստիտուտների տեսական հիմունքների մեկնաբանման, այնպես էլ գործնականում նպատակային կիրառման և օրենսդրական հետագա զարգացման առումներով։
Հիմնաբառեր. հանցագործության պրովոկացիա, անհրաժեշտ պաշտպանություն, օրենսդրություն, դոկտրին, իրավանորմ, եզրակացություն, առաջարկ։
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.3-213