ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24 հունիսի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՍՊԱՆՈՅԻ ՀԵՏ
2022 թվականի հունիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ստրասբուրգյան աշխատանքային այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ հանդիպմամբ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արման Դիլանյանը կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հանձնառությունը ամրապնդելու համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ։
Ռոբերտ Սպանոն շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին ստրասբուրգյան իր այցի շրջանակներում ՄԻԵԴ այցելելու համար և ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին մասնակցելու համար։ ՄԻԵԴ-ի նախագահը կարևորել է նման հանդիպումներն ու շփումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կողմերը երկուստեք կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է, ու որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների 70-ից ավել բարձր դատարաններ:
ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԴՈՒՆՅԱ ՄԻՅԱՏՈՎԻՉԻ ՀԵՏ
2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում:
Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի պատվիրակությանը Ստրասբուրգ աշխատանքային այց կատարելու համար, նշել է, որ մշտապես հետևում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները:
Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ Սահմանադրական դատարանի նախագահը շեշտել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հարցի հրատապությունն ու արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումն այս հարցում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սահմանադրական դատարանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև հետագա համագործակցության ակտիվացման շուրջ:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱՐԻԱ ՊԵՅՉԻՆՈՎԻՉ ԲՈՒՐԻՉԻՆ
2022 թվականի հունիսի 22-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։
Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներին։ Արման Դիլանյանը փաստել է, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առաջնային գործընկերներից է, և ձևավորված փոխգործակցությունը առանցքային նշանակություն ունի իրավունքի գերակայության խթանման և դատական համակարգի հանդեպ հանրային վստահության հետագա ամրապնդման համար։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Սահմանադրական դատարանի նախագահի այցը Ստրաբուրգ՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և պատրաստակամ է աջակցելու Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։