ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում գտնվող Արգենտինայի Դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն ապրիլի 27-ին հյուրընկալվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին։
Գոհունակություն հայտնելով, որ պարոն Օյարբիտեն Արգենտինայում զբաղվում է նաեւ հայոց ցեղասպանության հարցերով՝ Գ. Հարությունյանը տեղեկացրեց, որ Իրավաբանների համահայկական խորհրդաժողովին առընթեր ստեղծվել է ցեղասպանության իրավական հիմնախնդիրների ուսումնասիրման հետազոտական կենտրոն՝ ի մի բերելու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները եւ նախապատրաստելու հայոց ցեղասպանության իրավական հարցերի հնարավոր միջազգային թղթածրար։
Պարոն Օյարբիդեն տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվելով՝ նոր տեղեկություններ ու նոր փաստեր է ձեռք բերել, որոնք լրացնում են իրենց հավաքածը եւ Արգենտինայի հայ համայնքի տրամադրած շատ արժեքավոր տեղեկությունները։ Արդեն 12 հազար փաստաթուղթ է հավաքված, եւ դրանում շատ մեծ է հայ համայնքի ներդրումը։ Նա կարեւորեց այդ աշխատանքները, շեշտելով, թե դրանք ինչ դրական հետեւանքներ կարող են ունենալ ամբողջ Լատինական Ամերիկայում հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացում։
Նորբերտո Օյարբիդեն, որպես Դաշնային դատավոր, Արգենտինայի հայազգի քաղաքացի Գրեգորեո Հայրապետյանի ներկայացրած հայցի հիման վրա ցեղասպանության վերաբերյալ գործ է քննել ու որոշում կայացրել, որով հաստատել է, որ թուրքական պետությունը 1915-1923 թվականների ընթացքում ցեղասպանության հանցագործություն է կատարել հայկական բնակչության դեմ։
Այդ որոշման էլեկտրոնային տարբերակը նա հանձնեց պարոն Հարությունյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հայ-արգենտինական կապերի հետագա ընդլայնման հարցեր։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: