Top.Mail.Ru
26 մարտի 2018թ.

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2018թ. մարտի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մարտի 8-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:
 
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
2018թ. մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ:
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կենսագրությունը
Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում: 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում:
1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է:
1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998թթ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում:
1996-1998թթ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:
1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:
1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ:
2001 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար:
1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, 2006-2010թթ. դասավանդել է «Գլաձոր» համալսարանում:
2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է:
2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:
2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է ՀՀ արդարադատության նախարար:
2013-2015 թթ. եղել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017թ. մայիսի 18-ը եղել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
2017թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2018 թվականի մարտի 2-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (2013) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016 թ.) մեդալներով:
2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2017 թվականին Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձևը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել և իրականություն)» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
40-ից ավելի գիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ է:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա: