ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 6-ին, ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 21-ամյակի առիթով կազմակերպված ընդունելությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Սահմանադրական դատարանի անդամները, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի իրավական ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, իրավաբաններ, սահմանադրագետներ:
Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը ողջունեց մասնակիցներին, շնորհավորեց ՍԴ-ի ստեղծման 21-ամյակի առիթով, ներկայացրեց ՀՀ ՍԴ ձեռքբերումները վերջին շրջանում, առանձնապես շեշտելով մի քանի կարեւոր միջոցառումներ, որոնք նշանակալի են եւ ուշադրության արժանի:
Պարոն Հարությունյանը կարեւորեց Եվրախորհրդի եւ Եվրոմիության համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումը, ուր ներկայացվեց ՍԴ անդամների ջանքերով, ՍԴ խորհրդական Գեւորգ Դանիելյանի խմբագրմամբ հրատարակված «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ու դրանց իրացումը» ուղեցույց-ձեռնարկի առաջին հատորը: 942 էջանոց ծավալուն գրքի տպագրությունն իրականացվել է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում:
Այս գրքով ներկայացված են Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ու դրանց իրացման գործընթացը: Այն նախատեսված է ոչ միայն դատավորների, այդ թվում՝ իրավագետի մասնագիտությամբ զբաղվող պաշտոնյաների ու մասնագետների, իրավագիտության հարցադրումներով հետազոտություններ իրականացնող տեսաբանների, այլեւ հանրության լայն շրջանակների համար: Գրքում ներկայացված իրավական դիրքորոշումներն ընկած են մեր իրավական համակարգի զարգացման հիմքում: Ընթացքի մեջ է սույն գրքի երկրորդ հատորի հրատարակությունը, ուր իրենց արտացոլումը կգտնեն նաեւ Սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումներում առաջ քաշած որոշակի հարցադրումներ, որոնք նույնպես իրավական համակարգի հետագա զարգացման առումով կարեւոր դեր ու դերակատարություն կունենան:
Ներկայացվեց նաեւ ՀՀ Սահմանադրության քառալեզու (հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն) հրատարակությունը՝ Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի իրավական ծրագրի նախաձեռնությամբ: Վերջերս այն ներկայացվեց Ստրասբուգում, ուր մեծ հետաքրքրությամբ ընդունվեց: Ներկայացվեց նաեւ անցյալ տարի Երեւանում հրավիրված Համաեվրոպական խորհրդաժողովի նյութերի հիման վրա կազմված «Ալմանախ»-ը՝ անգլերեն, ռուսերեն (համապատասխան ռեզյումեներով): Սա նույնպես ներկայացվեց Ստրասբուրգում կայացած ընդհանուր շնորհանդեսին եւ դարձյալ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց: «Սահմանադրական արդարադատություն» ռուսալեզու հանդեսի հերթական համարը նույնպես ներկայացվեց, ուր առանձնահատուկ տարրերից մեկն այն է, որ առաջին անգամ հրատարակվում է Սահմանադրական մշտադիտարկման ինդիկատորների հիմնական ցանկը: Սա կարեւոր է նրանով, որ ամբողջ աշխարհում հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում նման համակարգ մշակելու ուղղությամբ: Դեռեւս 2011 թվականին այն նախաձեռնել էր ՄԱԿ-ը, իսկ 2012-ին ինդիկատորների որոշակի համակարգ մշակվեց: Եվ ահա այս հրատարակությունը, որը փաստորեն բաց քննարկում է առաջարկում՝ հանդեսն առաքելով շուրջ 40 երկիր: Հայաստանում ստեղծված է մի հատուկ խումբ (Երեւանի պետական համալսարանում), որը զբաղվում է մեթոդական հարցերով, եւ առաջիկայում ծրագրված է այս մեթոդիկայի եւ այս ինդիկատորների միջոցով շուրջ 140 երկրի համար սկսել սահմանադրականության եւ սահմանադրական մշակույթի գնահատումը:
Շեշտվեց, որ Ստրասբուգի շնորհանդեսին կայացավ նաեւ «Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հիմնման հանդիսավոր արարողությունը: Նորաստեղծ մի կենտրոն, որին արդեն միացել են 18 երկրից մոտ 40 սահմանադրագետներ:
Հընթացս ընդունելության, ներկայացվեց նաեւ «Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի վեբ կայքը: Այն ունենալու է էլեկտրոնային ժուռնալ, ուր հրապարակվելու են տարբեր հեղինակների նյութեր: Կայքը մանրամասնորեն ներկայացվեց՝ պատկերների, տեսանյութերի համադրմամբ:
Ընդունելությանը ներկայացված էր նկարիչ Ռուդիկ Պետրոսյանի՝ Պատմական իրողությունների (ի մասնավորի՝ Աշտիշատի ժողովի) պատկերման հենքով ստեղծված «Սահմանադրության ծնունդը» կտավը: Այն, փաստորեն, դառնում է «Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոնի» խորհրդանիշերից մեկը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: