Top.Mail.Ru
2 մարտի 2017թ.

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Մարտի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանում անցկացվեց «ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը եւ ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները» թեմայով սեմինար:
Այն կազմակերպել էին՝ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Գերմանական GIZ կազմակերպության երեւանյան գրասենյակը եւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը:
Սեմինարը բացեց Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը՝ շեշտելով, որ հարցը խիստ հրատապ է եւ ներկայացրեց սեմինարի ընթացքում քննարկման առարկա թեմաները:
Առաջին զեկուցումով հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանը՝ «Ընտրական իրավունքի արտադատական պաշտպանության բնորոշ գծերն ու հիմնական առանձնահատկություններն ըստ նոր ընտրական օրենսգրքի»: Նա ներկայացրեց օրենսգրքի՝ միջդատական կարգով ընտրական իրավունքների պաշտպանության առանձնահատկություններն ու բոլոր այն ընթացակարգերը, որոնք սահմանված են եւ որոնք կարող են իրացվել այդ իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես շեշտեց, թե ինչ գործառույթներ ունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տարածքային ընտրական հանձնաժողովները, ինչ ժամկետներում եւ ինչ եղանակով պետք է իրացնեն վարույթները՝ կարեւորելով ստացվող բոլոր դիմումների պարտադիր քննության անհրաժեշտությունը հանձնաժողովների կողմից:
Երկրորդ զեկուցումով հանդես եկավ Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը՝ «Վարչական դատարաններում ընտրական իրավունքի դատական պաշտպանության ընթացակարգերն ու առանձնահատկությունները»: Նա ներկայացրեց վարչական դատարանում քննության կարգի առանձնահատկությունները՝ հաշվի առնելով, որ ընտրական օրենսգիրքը վարչական դատական ընթացակարգով ընտրական վեճերի լուծման համար բազմաթիվ կոնկրետ իրավասություններ է վերապահել վարչական դատարանին: Շեշտեց, որ պետական իշխանության այլ մարմիններ այդ գործերը այլ ընթացակարգով քննության առարկա դարձնել չեն կարող: Կարեւորեց, որ ընտրական գործընթացի մասնակից սուբյեկտները պետք է կարողանան համարժեք իրավական գրագիտությամբ վարչական դատարանի միջոցով պաշտպանել իրենց իրավունքները:
Երրորդ զեկուցումը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանինն էր՝ «Սահմանադրական դատարանում ընտրական իրավունքի դատական պաշտպանության իրավական հիմքերն ու բնորոշ առանձնահատկությունները»:
Պարոն Հարությունյանն իր ելույթում հանգամանորեն վերլուծեց ընտրական նոր օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի 8-րդ մասի, 27-րդ հոդվածի 5-րդ մասի, 48-րդ հոդված առաջին, հինգերորդ եւ 12-րդ մասերի, 75-րդ հոդվածի, 89-րդ հոդվածի, 95-րդ հոդվածի առաջին մասի, 97-րդ հոդվածի չորրորդ մասի, 99-րդ հոդվածի եւ 102-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների առանձնահատկություններն ու, դրանց լույսի ներքո, Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով հնարավոր վեճերի քննության առանձնահատկությունները՝ հաշվի առնելով նաեւ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 74 հոդվածով նախատեսված պահանջները: Հարությունյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: