ԵՐԵՎԱՆՅԱՆ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Հոկտեմբերի 20-ին, «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում» թեմայի քննարկումով, իր աշխատանքները շարունակեց Երեւանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովը:
Երրորդ նիստը նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Զեկուցումներով հանդես եկան Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Մոգոնգ Մոգոնգը՝ «Վեճերի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի դերը Հարավաֆրիկյան Հանրապետությունում», ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը՝ «ՀՀ սահմանադրական դատարանի դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» եւ Չեռնոգորիայի սահմանադրական դատարանի դատավոր (ՍԴ պաշտոնաթող նախագահ) Դեսենկա Լոպիչիչը՝ «Չեռնոգորիայի սահմանադրական դատարանի դերը իրավական կարգի պաշտպանության գործում» թեմաներով:
Մասնակիցների կարծիքների փոխանակմամբ Խորհրդաժողովն ամփոփեց երկօրյա քննարկումները:
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նիստը նախագահող, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ուրախությամբ վկայեց, որ երկօրյա երկխոսությունը, այն է՝ «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում» կարեւոր թեմայի քննարկումը, հաջողությամբ կայացավ: Երկօրյա Խորհրդաժողովը հնարավորություն տվեց իմանալ, թե այս կամ այն երկրում կոնֆլիկտները կարո՞ղ են, արդյոք, հանգեցնել սահմանադրական ճգնաժամի, եթե ժամանակին չհաղթահարվեն: Այդ հաղթահարման մեջ Սահմանադրական դատարանները իրապես պետք է ունենան նկատելի դերակատարություն: Առավել ուշադրություն պետք է դարձնել անձի՛ սահմանադրական ինքնության հարցին: Անձի սահմանադրական ինքնությունն առաջին հերթին պայմանավորվում է նրանով, որ նա՛ է քաղաքացիական որակների կրողը, եւ Սահմանադրությունն առաջին հերթին անձի՛ սահմանադրական արժեբանությունն է, եւ սահմանադրական արժեքները պետք է կյանքի կոչել՝ նրա հիմնական սկզբունքները երաշխավորելու ճանապարհով:
Պարոն Հարությունյանը խորհրդաժողովի մասնակից գործընկերների հետ իր այս համոզմունքները կիսում էր՝ աշխարհի 117 երկրի սահմանադրություններն ուսումնասիրողի՛ իրավունքով: Ըստ նրա, սահմանադրական ճգնաժամերից խուսափելու ուղին սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարումն է, եւ պետք է կարողանալ նաեւ իրավական դիրքորոշումներով նպաստել օրենսդրության եւ Սահմանադրության այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքում երաշխավորված կլինի Սահմանադրության գերակայությունը: Բացառիկ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վարքագծի հիմքում, պետության յուրաքանչյուր քաղաքական ինստիտուտի քաղաքական վարքագծի՛ հիմքում, հանրային իշխանության հանրային վարքագծի՛ հիմքում ընկած լինի իրավունքի՛ գերակայությունը:
Պարոն Հարությունյանը խորհրդաժողովի մասնակիցներին կրկին շնորհակալություն հայտնեց իրենց ներկայության եւ կարեւոր հարցերի քննարկմանն ակտիվ մասնակցության համար: Նա իր խոսքի ավարտին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված՝ «Արդյունավետ համագործակցության եւ սահմանադրական արդարադատության ոլորտում ունեցած նշանակալի դերակատարման համար» ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե հուշամեդալով պարգեւատրման ներկայացված անձանց հանձնեց պարգեւները:
Պարգեւատրվեցին՝ Վենետիկի Հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Քյորուլֆ Թորգեիրսդոտիրը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի նախագահ, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեն, Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Մոգոնգ Մոգոնգը, Բելոռուսի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Պյոտր Միկլաշևիչը, Լատվիայի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Գունարս Կուտրիսը, Վրաստանի ՍԴ պաշտոնաթող նախագահ Գիորգի Պապուաշվիլին, Չեռնոգորիայի ՍԴ պաշտոնաթող նախագահ Դեսանկա Լոպիչիչը, ՌԴ ՍԴ փոխնախագահ Սերգեյ Մավրինը, ՌԴ ՍԴ փոխնախագահ Օլգա Խոխրյակովան, Սաքսոնիայի սահմանադրական դատարանի դատավոր, պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը:
Դրանով Երեւանյան 22-րդ Խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքները:
Այսօր կեսօրին Խորհրդաժողովի մասնակիցներին ընդունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդաժողովի շրջանակներում հյուրերն այցելեցին Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Ազգային պատկերասրահ:
Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, հյուրերի համար այցելություն է նախատեսված «Զվարթնոց» պատմամշակութային թանգարան, Փարաջանովի թանգարան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: