ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 20-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Հոկտեմբերի 8-ից Երեւանում՝ մեկնարկեց Երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին եւ ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին։ Այն կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի Հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների Կոնֆերանսը եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը։
Թեման՝ «Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում։ Դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերները»։
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հրավիրված երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների։
ՀՀ Նախագահը խորհրդաժողովի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց նրանց այցի համար, կարեւորեց նման խորհրդաժողովների անցկացումը։ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ընթացքում էլ, խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ, տեղի ունեցավ նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը։ Նամականիշի վրա պատկերված են ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը եւ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում։
Մինչ Նախագահի հետ հանդիպումը հյուրերը հասցրել էին լինել Մատենադարանում, ծանոթանալ գիտահետազոտական ինստիտուտում պահպանվող հին ձեռագրերին։ Նաեւ այցելել էին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, թանգարանում դիտել Ցեղասպանության վավերագրերը, զոհերի հուշաձանին ծաղկեդրումով հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին։
Հոկտեմբերի 9-ին կայացավ խորհրդաժողովի նիստը։
Մասնակիցներին ողջունեց եւ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
-Այս խորհրդաժողովը բացառիկ է իր հոբելյանական բնույթով,-ասաց նա,-նախ, որ այն սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված, Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվող ավանդական 20-րդ խորհրդաժողովն է, երկրորդ՝ նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 20-ամյակին եւ երրորդ՝ նվիրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին։ Եռատեղված այս 20-ամյակները ոչ միայն պարտավորեցնող են մեր կողմից քննարկվող հարցերի ու դրանց արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից, այլեւ հասունության վկայություն են։ Հասունություն սահմանադրական արդատադատության ոլորտում մեծ փորձառություն կուտակելու առումով, հասունություն միջազգային համագործակցության առումով, հասունություն մեր երկրներում իրավունքի ու սահմանադրության գերակայության երաշխավորման գործում ունեցած ներդրման առումով։
Այնուհետեւ պարոն Հարությունյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ սահմանադրական դատարանի գործունեությունը, որի արդյունքում դատարանի կողմից քննության առնված հազարավոր գործերում արտահայտված իրավական դիրքորոշումները էական նպաստ են բերել մեր երկրում իրավունքի զարգացման, սահմանադրականության հաստատման գործին։ Հազարավոր մարդիկ են կարողացել իրենց իրավունքների պաշտպանությունը գտնել սահմանադրական դատարանում։ Կոնկրետ օրինակներով մատնանշեց, որ հիմնականում քաղաքացիների դիմունմերի հիման վրա հակասահմանադրական են ճանաչվել շուրջ 150 տարբեր օրենքների դրույթներ։
-Սահմանադրական դատարանը,-շարունակեց պարոն Հարությունյանը,-ի զորու եղավ մեր երկրում ձեւավորել սահմանադրաիրավական մտածողության նոր որակ, իրավական պետության չափորոշիչներին համապատասխանող սահմանադրագիտության նոր դպրոց՝ Հանրապետությունում դառնալով սահմանադրաիրավական մտքի շարժիչ ուժը։ Սահմանադրական դատարանի ակտիվ դերակատարությունը կարեւորվում է նաեւ միջազգային հարթակներում։ Մեր գործուն մասնակցությամբ ձեւավորվեցին երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսը, ինչպես նաեւ սահմանադրական դատարանների համաշխարհային խորհրդաժողովը, որոնցից առաջինի նախագահությամբ եւ երկրորդի բյուրոյի նախագահի պատիվն ունեցավ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը։ Մեր դատարանը ներկայացված է նաեւ Վենետիկի հանձնաժողովի բյուրոյում, եվրոպական երկրների սահմանադրական դատարանների Կոնֆերանսի անդամ է։
Պարոն Հարությունյանն առանձնակի շեշտեց արդյունավետ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ, ի մասնավորի՝ իր երախտագիտությունը հայտնելով հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով եղել է երեւանյան բոլոր 20 միջազգային խորհրդաժողովների մասնակիցը։
Ողջույնի խոսքերով հանդես եկան Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն եւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Առաջին նիստում, որը նախագահում էր Ջիանի Բուքիքիոն, թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Լատվիայի ՍԴ նախագահ Ալդիս Լավինշը. «Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում», ՌԴ ՍԴ փոխնախագահ Սերգեյ Մավրինը. «Սահմանադրական դատարանի ինքնուրույնությունը եւ դատական իշխանության անկախությունը», ՀՀ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում. սահմանադրաիրավական լուծումներ, արդի մարտահրավերներ» եւ Սլովենիայի ՍԴ նախագահ Իվետա Մացեյկովան. «Դատական իշխանության անկախության պաշտպանությունը՝ Սլովենիայի Հանրապետության ՍԴ ընդունած որոշումների շրջանակում»։
Զեկուցումների քննարկումներով ավարտվեց առաջին նիստը։
Երկրորդ նիստում, որը նախագահում էր Լիտվայի ՍԴ նախագահ Դաինիուս Ժալիմասը, թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Ղազախստանի սահմանադրական խորհրդի անդամ Անառ Ժաիլգանովան. «Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում», Մուրադ Մեդելսին՝ Ալժիրի սահմանադրական խորհրդի նախագահ. «Ալժիրյան փորձը դատական իշխանության ամրապնդման հարցում», Լիտվայի ՍԴ դատավոր Դանուտե Իոչիենեն. «Դատական իշխանության անկախության ամրապնդման սկզբունքը Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի դոկտրինայում», Թաիլանդի ՍԴ նախագահ Նուրաք Մարպրանիտին. «Թաիլանդի սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում. դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերները» եւ Խորվաթիայի ՍԴ փոխնախագահ Սնեժանա Բագիչը. «Գործունեության թափանցիկությունը որպես Խորվաթիայի սահմանադրական դատարանի գործունեության հանդեպ հանրային հավատի եւ վստահության երաշխիք»։
Զեկուցումների շուրջ ծավալվեց քննարկում։
Երրորդ նիստը նախագահում էր Մոլդովայի ՍԴ նախագահ Ալեքսանդրու Տենասեն։
Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Բելգիայի Թագավորության ՍԴ նախագահ Անդրե Ալենը. «Սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում», Ղրղզստանի գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավոր Ժեդիգեր Մալաեւը. «Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանի սահմանադրական պալատը եւ դրա դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում», Մակեդոնիայի ՍԴ անդամ Գզիմե Ստարովան. «Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում, հատուկ անդրադարձ Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական դատարանին»:
Հոկտեմբերի 9-ի նիստն ավարտվեց զեկուցումների քննարկումներով։
Հոկտեմբերի 10-ին խորհրդաժողովը կշարունակի աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: