ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 20-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ
Հոկտեմբերի 10-ին Երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովը շարունակեց աշխատանքը։
4-րդ նիստը նախագահում էր Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գիորգի Պապուաշվիլին։
Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Մոլդովայի ՍԴ նախագահ Ալեքսանդրու Տենասեն, Ռումինիայի ՍԴ դատավոր Մայա Թեոդորոիուն. «Սահմանադրական կարգավորումները եւ Ռումինիայում դատական համակարգին վերաբերող վիճելի սահմանադրական հարցերը», ՍՊՊՏՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Ալեքսեյ Լիվերովսկին. «Սահմանադրական վերահսկողության մարմնի որոշումների օբյեկտիվությունը», Իսրայել Պետության գերագույն դատարանի դատավոր Ուրի Շոհամը. «Գերագույն դատարանը եւ մարդու իրավունքները Իսրայելում», Մոնղոլիայի ՍԴ դատավոր Սուգար Դուլամը. «Դատական իշխանության անկախության պաշտպանության նպատակով Մոնղոլիայի սահմանադրական դատարան դիմելու ինստիտուտն ու դրա իրացումը», Բելառուսի ՍԴ դատավոր Ստանիսլավ Դանիլյուկը. «Բելառուսի Հանրապետության դատական իշխանության անկախության սահմանադրաիրավական հիմքերը»։
Կայացավ զեկուցումների քննարկում։
5-րդ նիստը նախագահում էր Լատվիայի ՍԴ նախագահ Ալդիս Լավինշը։
Թեմատիկ զեկույցներով հանդես եկան՝ Տաջիկստանի ՍԴ նախագահ Մահմուդզոդա Մահկամը. «Սահմանադրական վերահսկողության մարմնի դերը իրավական պետության զարգացման գործընթացում», Լեհաստանի սահմանադրական տրիբունալի հայտերի եւ սահմանադրական գանգատների նախնական ուսումնասիրության վարչության պետի տեղակալ Պավել Վիլինսկին. «Դատական իշխանության անկախությունը որպես արդար դատաքննության իրավունքի հիմք Լեհաստանի սահմանադրական տրիբունալի պրակտիկայում»։
Զեկույցների շուրջ ծավալված քննարկումից հետո նիստը նախագահող Լատվիայի ՍԴ նախագահ Ալդիս Լավինշը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, ՀՀ սահմանադրական դատարանին, ի մասնավորի՝ նախագահ Գ. Հարությունյանին եւ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանին, թարգմանիչներին եւ խորհրդաժողովի աշխատանքների ամփոփման համար ձայնը տվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։
-Շատ ուրախ եմ, որ քննարկումներն այսպես ակտիվ ընթացան,-ասաց պարոն Հարությունյանը,-նաեւ բազմաթիվ կարծիքներ հնչեցին։ Հետաքրքիր է, որ նույնիսկ ծնվեցին նոր կոնֆերանսների բազմաշերտ, հետաքրքիր թեմաներ, որոնք առաջիկա քննարկումների առարկա կարող են դառնալ։
Ապա պարոն Հարությունյանն անդրադարձավ խորհրդաժողովի բուն թեմային եւ շեշտեց, որ դատական իշխանության անկախության տարբեր շերտերին անդրադարձներ եղան եւ փորձ արվեց քննության առարկա դարձնել ֆունկցիոնալ, նյութական, սոցիալական անկախության հիմնախնդիրներին։
-Չափազանց կարեւոր է,-շարունակեց իր միտքը պարոն Հարությունյանը,-որ սահմանադրական մակարդակում որոշակիացված, հստակեցված լինեն տարբեր դատարանների գործառութային փոխհարաբերությունները։ Գերագույն խնդիրը, որ նաեւ այս խորհրդաժողովի լուծելիքն էր, առաջին հերթին սահմանադրական անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովումն է դատական իշխանության անկախության համար։ Եվ դրանք պետք է դառնան սահմանադրական դատարանի կողմից լիարժեք լիազորություններով պաշտպանվող երաշխիքներ։ Ահա այս պարագայում սահմանադրական դատարաններն իրապես մեծ դերակատարություն կունենան, քանի որ իրենք սահմանադրական նորմը ոչ միայն կիրառում են, այլ նաեւ մեկնաբանում, բացահայտում այդ նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը։
Պարոն Հարությունյանը կոնֆերանսի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու եւ ակտիվ մասնակցության համար, հաջողություններ մաղթեց նրանց։
Խորհրդաժողովի նիստերն ավարտվեցին։
Հյուրերի համար պաշտոնական ու ազատ հանդիպումների, նաեւ մշակութային հետաքրիր ծրագիր էր նախատեսված նրանց Հայաստանում գտնվելու բոլոր օրերի համար։
Նախորդ օրերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն էր ընդունելություն կազմակերպել՝ ի պատիվ խորհրդաժողովի մասնակիցների, ապա ՀՀ վարչապետն էր ընդունելություն կազմակերպել։ Հյուրերը հասցրել էին լինել Մատենադարանում, այցելել Հայոց Ցեղասպանության հուշահամալիր։
Մինչ Հայաստանից մեկնելը նրանք եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Երեւանի կոնյակի գործարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
Հրաժեշտի հանդիպումը կայացավ ՀՀ սահմանադրական դատարանի անունից պաշտոնական ընթրիքով։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: