ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Հոկտեմբերի 21-ին իր աշխատանքը սկսեց ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովը։
Կազմակերպիչներ՝ ՀՀ սահմանադրական դատարան, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով), Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոն։
Աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի։
Թեմաները՝
1.«Վենետիկի հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստում ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկի» դերը և նշանակությունը համակարգային սահմանադրական մշտադիտարկման իրականացման գործում»:
2.«Սահմանադրական դատարանի դերն օրենքի բացի և իրավական անորոշության հաղթահարման գործում»։
Համաեվրոպական միջազգային այս խորհրդաժողովը սկզբից նախատեսված էր անցկացնել Ստրասբուրգում, բայց քանի որ նախաձեռնությունը ՀՀ սահմանադրական դատարանինն էր, եւ հայեցակարգն էլ ներկայացված էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի կողմից, որոշվեց այն անցկացնել Հայաստանում։ Շատ ներկայացուցչական է Խորհրդաժողովի մասնակցությունը՝ երեսուն երկրի պատվիրակություններ, եւ Եվրախորհրդի ամբողջ ղեկավար կազմն է ներգրավված այս խնդրում։ Սահմանադրական ճգնաժամի եւ սահմանադրականության առումով բավականին տագնապալի է վիճակը շատ երկրներում, ուր խնդրահարույց շատ պրոբլեմներ կան։ Հայեցակարգային մոտեցումներ առաջարկվեցին այդ խնդիրները կանխարգելելու եւ լուծելու համար։ Սահմանադրական մշտադիտարկման հայեցակարգերը լուրջ քննության առարկա դարձան Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, ապա եւ գիտական խորհրդում։ Եվ ահա հետեւությունը՝ միջազգային խորհրդաժողով կազմակերպել Երեւանում՝ լրջորեն քննարկելու հիմնախնդիրը։
Խորհրդաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։
Խորհրդաժողովին տեսաուղերձներ էին հղել՝ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդին։
Ողջույնի խոսքերով հանդես եկան՝
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆ. Բուայիան, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահ, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յ. Հելգեսենը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը։
Առաջին օրվա նիստում քննարկման դրվեց հետեւյալ թեման՝ «Վենետիկի հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստում ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկի» դերը և նշանակությունը համակարգային սահմանադրական մշտադիտարկման իրականացման գործում»։
Առաջին նիստը նախագահեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆ. Բուայիան։
Նախ լսվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հայեցակարգային զեկույցը՝ «Սահմանադրական մշտադիտարկումը որպես սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման երաշխիք» (Գ. Հարությունյանի ելույթի տեքստը կտեղադրվի առանձին)։
Զեկուցումներով հանդես եկան՝
Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահ, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յ. Հելգեսենը՝ «Իրավունքի գերակայության սկզբունքը և դրա գործնական կիրառումները», Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Գերմանիա), 5-րդ սեկցիայի նախագահ Անգելիկա Նուսբերգերը՝ «Իշխանությունների տարանջատման մոդելը Հայաստանի նոր սահմանադրությունում և Գերմանիայի Մայր օրենքում. նմանություններ և տարբերություններ», Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Ուկրաինայից Ս.Հոլովատին՝ «Իրավունքի գերակայության հայեցակարգը և դրա ընկալման բարդությունները հետխորհրդային իրավական մշակույթում»։
Երկրորդ նիստը նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։
Զեկուցումներով հանդես եկան՝
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆ. Բուայիան՝ «Իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը պետության կողմից իր քաղաքականությունն իրականացնելիսե, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Հայաստան) Ա. Հարությունյանը՝ «Սահմանադրականության խնդիրները Հայաստանի Հանրապետությունում վերջին սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը»։ Ֆինլանդիայի գերագույն վարչական դատարանի դատավորներ տիկին Է. Սիտարիի և պարոն Պ. Հելանդերի համատեղ զեկուցումը՝ «Համակարգային սահմանադրական մշտադիտարկման տեղը և դերը սահմանադրական վերահսկողության համակարգի կատարելագործման և սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման գործում» ներկայացրեց Պ. Հելանդերը։ Ապա հանդես եկան Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Լատվիա) Մ. Միցը՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը սահմանադրական արդարադատության ամրապնդման գործում. Լատվիայի փորձը» եւ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը՝ «Սահմանադրական ախտորոշման գործիքակազմի ու իրականացման մեթոդների մշակման որոշ մոտեցումներ»։
Հարցերով ու քննարկումներով ավարտվեց երկրորդ նիստը։
Ընդմիջումից հետո խորհրդաժողովը շարունակեց իր աշխատանքը։
Երրորդ նիստը նախագահում էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Գերմանիա), 5-րդ սեկցիայի նախագահ Անգելիկա Նուսբերգերը։
Զեկույցներով հանդես եկան՝
Ռուսաստանի Դաշնության ՍԴ անդամ Ն. Բոնդարը՝ «Իրավական բացերը՝ որպես սահմանադրաիրավական արատաբանության կատեգորիա. հաղթահարման դատական պրակտիկայի ուսումնասիրման մեթոդաբանությունը», Խորվաթիայի ՍԴ դատավոր Մ. Ելուշիչը՝ «Սահմանադրական մշտադիտարկման դերը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման գործում», Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Իսլանդիա) Ռ. Սպանոն՝ «Սուբսիդիարության սկզբունքը և սահմանադրական ավանդույթները Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում», Ուկրաինայի սահմանադրական դատարանի դատավոր Ս. Վդովիչենկոն՝ «Ուկրաինայի սահմանադրական դատարանի գործունեության մեջ նախորդ խմբագրությամբ օրենքների նորմերի գործողության վերականգնման դոկտրինը»։
Հարցերով եւ քննարկումներով խորհրդաժողովն ավարտեց հոկտեմբերի 21-ի նիստերը։
Երեկոյան նախատեսված է խորհրդաժողովի մասնակիցների ընդունելություն Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից։ Կայանալու է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հանդիսավոր հիմնման արարողությունը։
Հոկտեմբերի 22-ին Երեւանյան միջազգային խորհրդաժողովը կշարունակի իր աշխատանքը։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: