Top.Mail.Ru
19 նոյեմբերի 2018թ.

ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍԴ-ՈՒՄ ԼԱՅՊՑԻԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 14-15-ը Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որը վարեց Լեյպցիգի համալսարանի դոկտոր պրոֆեսոր, Սաքսոնիայի սահմանդրական դատարանի դատավոր Քրիստոֆ Դեգենհարթը:
Քննարկվող թեմաներն էին «Սահմանադրական գանգատը և դրա առանձնահատկությունները ՀՀ սահմանադրության համատեքստում», «Խոսքի և արտահայտվելու ազատության սահմանադրական իրավունքը և դրա սահմանափակումները Գերմանիայի ՍԴ պրակտիկայում»: Լինելով պետական և վարչական իրավունքի մասնագետ՝ պրն. Դեգենհարթը ներկայացրեց կարծիքի արտահայտման ազատության իրավունքը Գերմանիայի հիմնական օրենքում ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, խոսեց դրա սկզբունքային նշանակության մասին ժողովրդավարական հասարակությունների կայացման տեսանկյունից: Ներկայացրեց այս իրավունքի բովանդակությունը, դրսևորման ձևերը, սահմանափակումների առանձնահատկությունները: Սահմանադրական դատարանի անդամները հարցեր ուղղեցին փոփոխված սահմանադրությունում անհատական սահմանադրական գանգատի հետ կապված՝ խնդրելով զուգահեռներ անցկացնել Գերմանիայի սահմանադրական դատարանին ներկայացվող սահմանադրական գանգատի հետ, ընթացակարգի, ընդունման նախապայմանների վերաբերյալ: Դասընթացի ավարտին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց գերմանացի պրոֆեսորին երկօրյա, բովանդակալից դասընթացի համար՝ կարևորելով նման հանդիպումները գիտելիքների լրացման ու փորձի փոխանակման տեսանկյունից:
Ի դեպ, նշենք, որ պրոֆեսոր Դեգենհարթի ուսումնասիրությունները, մասնավորապես նվիրված կառավարման համակարգերին, մեծ հեղինակություն են վայելում:
Պրոֆեսորը քաջածանոթ է Հայաստանի Սահմանադրությանը. 2015 թվականին Հայաստանում է եղել և սահմանադրական փոփոխությունների մշակման ժամանակ խորհրդատվություն մատուցել աշխատանքային խմբին:
Պրոֆեսորի հետ Սահմանադրական դատարանում սեմինար-քննարկումը կազմակերպվեց «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GIZ) ծրագրի հետ համատեղ: