ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳԻՐՔ
«Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի նախաձեռնությամբ եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ հեղինակային կոլեկտիվը հրատարակման է նախապատրաստում «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» երկհատորյակը:
Աշխատանքի նախապատրաստմանը ներգրավված են աշխարհիկ եւ հոգեւոր տարբեր մասնագետներ, որոնց հերթական աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ 2017թ. հունիսի 21-ին:
Հեղինակային խմբի եւ խմբագրակազմի աշխատանքները համակարգում է պրոֆեսոր Գ. Հարությունյանը: Խմբագրակազմում ընդգրկված են՝ Երեւանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արտակ Մովսիսյանը, Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Երկհատորյակի տարբեր բաժինների թեմաներ են ներկայացնելու՝ Արտակ Մովսիսյանը, Ազատ Բոզոյանը, Ալեքսան Հակոբյանը, Աշոտ Ոսկանյանը, Արման Եղիազարյանը, Գագիկ Հարությունյանը, Գեղամ Բադալյանը, Գրիգոր Թանանյանը, Հայրապետ Մարգարյանը, Նարինե Միրզոյանը:
Այս ծավալուն աշխատությունն ընդգրկելու է հայկական հնագույն թագավորություններից /Արատտայից Ուրարտու/ մինչեւ մեր ժամանակների հանրային հարաբերությունների զարգացման տարբեր ծալքերն ու Աշխարհաժողովների եւ ապա` Ազգային-եկեղեցական ժողովների հրավիրման անհրաժեշտությունը, կազմակերպման առանձնահատկությունները, ընդունված կանոնական սահմանադրությունների իրավագիտական դերն ու նշանակությունը: Համակողմանի համեմատական վերլուծության շրջանակներում ներկայացվելու են Վաղարշապատի, Աշտիշատի, Շահապիվանի, Դվինի, Կարնո, Աղվենքի, Պարտավի, Մանազկերտի, Շիրակավանի, Անիի, Հարքի, Լոռու, Ձագավանի, Շուղրիի, Հռոմկլայի, Տարսոնի, Սիսի, Ադանայի ազգային-եկեղեցական ժողովները, «Կանոնագիրք հայոց»-ը, Սահակ Պարթեւի, Դավիթ Ալավկաորդու, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի իրավագիտական ժառանգությունը, Լեհահայոց եւ Աստրախանի հայոց դատաստանագրքերը, Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ը, Արեւմտահայոց ազգային սահմանադրությունը:
Երկհատորյակը թարգմանաբար ներկայացվելու է նաեւ անգլերենով` միջազգային լայն հանրությանը հաղորդակից դարձնելով հայ իրավական ու սահմանադրական մշակույթի ձեւավորման ու զարգացման ողջ տարեգրությանը:
Աշխատությունը տպագրության կներկայացվի 2018 թվականի գարնանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: