ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Սահմանադրական դատարանի հարգելի՛ դատավորներ,
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Դիվանագիտական կորպուսի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Սահմանադրական դատարանի սիրելի՛ աշխատակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ Սահմանադրական դատարանում հյուրընկալելու բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության Բարձր դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ այսօրվա միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու և ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար:
Ինչպես գիտեք՝ անկախ Հայաստանի դատաիրավական նոր համակարգի հիմքը դրվեց 1995 թվականի հուլիսի 5-ին՝ համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրությամբ, և Սահմանադրական դատարանի գործունեությունն սկսվեց 1996 թվականի փետրվարի 6-ին, երբ նշանակվեցին Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամները, և Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողությունը։
Սահմանադրական դատարանի մուտքը պետական իշխանության մարմինների համակարգ միանգամայն նոր իրավական մշակույթի ձևավորման մեկնակետ էր, որը սահմանադրական արդարադատություն իրականացնելու միջոցով ի վերջո փոխակերպեց հանրային իշխանության մարմինների՝ միմյանց հետ և պետություն-մարդ փոխհարաբերությունների ողջ փիլիսոփայությունը:
Այս տարիների ընթացքում ձևավորած իրավական դիրքորոշումներով Սահմանադրական դատարանը նոր գաղափարներ ներմուծեց իրավական համակարգ՝ ներազդելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ պետության պոզիտիվ պարտականությունների տրամաբանության վրա:
Այս առումով 2023 թվականը ևս հագեցած տարի էր Սահմանադրական դատարանի համար և նշանավորվեց սահմանադրական արդարադատության իրականացման չափանիշների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումների տեսանելի զարգացմամբ:
Ձեզ այսօր չեմ ծանրաբեռնի վիճակագրական տվյալներով ու թվերով, առավել ևս, որ դրանք մանրամասն ներկայացված են լինելու մոտ օրերս հրապարակվելիք Սահմանադրական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ:
Միայն տեղեկացնեմ, որ 2023 թվականին Սահմանադրական դատարանը շարունակել է իր ներքին բարեփոխումների իրականացմանն ուղղված գործողությունների ծրագրի իրագործումը: Այս առումով մենք արդյունավետ համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ, որոնք իրենց ցուցաբերած փորձագիտական, մասնագիտական և տեխնիկական աջակցությամբ մեծապես նպաստում են Բարձր դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործին։
Լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունը, դրա ներդրումը և կիրառումը մեր ամենօրյա աշխատանքներում առանցքային կարևորություն ունեն ոչ միայն սահմանադրական արդարադատության որակի բարձրացման համար, այլ նաև դատարանի աշխատանքներն առավելագույն արդյունավետ կազմակերպելու և աշխատակազմին մասնագիտական կատարելագործման նոր հնարավորություններ ընձեռելու համար։
Ուրախ եմ արձանագրելու, որ նախորդ տարվա ընթացքում մենք շարունակեցինք արդեն իսկ ավանդական դարձած փոխշահավետ, հիրավի, օրինակելի գործընկերությունը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության հետ։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատանը, անձնապես դեսպան տիկին Քրիստինա Քվինին և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ողջ աշխատակազմին՝ Բարձր դատարանին ցուցաբերվող բազմոլորտ օժանդակության համար:
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր հավաքվել ենք Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում ոչ միայն Սահմանադրական դատարանի ձևավորման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման, այլ նաև դատական տարվա բացումն ազդարարելու համար: Անշուշտ, դատական տարվա բացում խորհրդանշական իմաստով է ասվում, քանի որ բոլորիս է պարզ, որ իրավական առումով այն որևէ հետևանք չի առաջացնում. դատական տարին գործնականում ոչ փակվում է, ոչ էլ բացվում:
Պարզապես հանրային խոսույթում մենք մշտապես հիշում ենք իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման մասին, և մոռանում, որ իշխանությունն ի սկզբանե մեկ է ու միասնական՝ իշխանությունը ժողովրդին պատկանելու իմաստով, սոցիալական միասնության հաստատման, սահմանադրորեն հռչակված պետական մարմինների գործունեության հիմնական նպատակների ու սկզբունքների իրագործման իմաստով, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման, ժողովրդավարության ամրապնդման իմաստով և այլն: Կարծում եմ՝ Սահմանադրության գերակայությունն ապահովող սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի պատերի ներքո դատական տարվա բացման արարողությունը հրաշալի առիթ է պետական իշխանության բոլոր ճյուղերը ներկայացնող պաշտոնատար անձանց մասնակցությամբ Սահմանադրության և սահմանադրականության մասին ապաքաղաքական զրույց ունենալու համար:
Կարծում եմ՝ սա հրաշալի ազդակ է հանրությանը, որով ընդգծվում է պետական իշխանության միասնականությունը՝ սահմանադրորեն հռչակված հիմնարար արժեքների ու սկզբունքների ապահովման, երաշխավորման և պաշտպանության վճռականության առումով: Հուսով ենք՝ այսպիսի միջոցառումն իր համեստ լուման կունենա սահմանադրական մշակույթի արմատավորման ու զարգացման գործում:
Հարգելի՛ հյուրեր,
Գաղտնիք չէ, որ սահմանադրական մշակույթի ձևավորումն ու զարգացումն ուղիղ կապ ունեն երկրում սահմանադրական անվտանգության, իրավական պետության և առհասարակ սահմանադրականության հաստատման ու ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը միայն Սահմանադրությունն իմանալը չէ, դա նաև Սահմանադրությունը հարգելն է, պաշտպանելն ու պահպանելը, ապահովելն ու քարոզելը, դրա հրամայականներն իրականացնելը: Սա ժողովրդավարական պետությանն ուղեկցող մշտական գործընթաց է՝ իրավունքը գաղափարախոսության, իսկ գաղափարախոսությունն իրավունքի դրույթների վերածելու մասին:
Սահմանադրական մշակույթը ձևավորվում է պետության յուրաքանչյուր պաշտոնատար անձի և պետական մարմնի գործողություններով: Նրանց բոլորի խնդիրն է մասնակցել ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կերտման գործին՝ իրենց լիազորությունների շրջանակներում մեկնաբանելով ու կիրառելով Սահմանադրությունը:
Սահմանադրական մշակույթը պահանջում է Սահմանադրությունը կիրառելիս և մեկնաբանելիս չհենվել միայն դրա ձևական կամ տառացի բովանդակության վրա: Հանդիսանալով պետականության անբաժանելի հատկանիշ՝ Սահմանադրությունն օժտված է տվյալ պետության ու ժողովրդի հետ անհատականացվող, Սահմանադրության մեջ ուղիղ չարտացոլվող մի շարք բաղադրիչներով, որպիսիք են մշակութային, պատմական, բարոյական, արժեբանական և այլ բաղադրիչներ, և միայն դրանց հաշվառմամբ իրականացված մեկնաբանությունն ու կիրառումն են ապահովում Սահմանադրության, այսպես ասած՝ իմունիտետը, ապահովում դրա ճկունությունն ու կենսունակությունը:
Միևնույն ժամանակ, բացի զուտ ազգային իդեալներն ու պատկերացումներն արտահայտելուց, Սահմանադրությունն արտացոլում է մարդկության ամենաարդիական իրավական նվաճումները՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում:
Պետք է նշեմ, որ Սահմանադրական դատարանը միշտ ունեցել է Սահմանադրությունն այդ գաղափարական ընդհանրության գիտակցմամբ մեկնաբանելու վճռականությունը:
Դրա դրսևորման վերջին, բայց ոչ միակ օրինակն է հայ ժողովրդի հռչակած՝ համամարդկային արժեքներին հավատարմությունը հավաստելու մասին սահմանադրական եզրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը: Ի դեպ, առաջին անգամ էր, որ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հատուկ մեկնաբանեց համամարդկային արժեք եզրույթը, և զուտ գաղափարական թվացող այդ եզրույթը, կոնկրետ իրավական բովանդակություն ստանալով, դարձավ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության սահմանադրականության ստուգման գործով Սահմադրական դատարանի որոշմամբ արտահայտված անկյունաքարային դիրքորոշումներից մեկի առանցքը:
Առհասարակ, պետք է նշել, որ Սահմանադրությամբ հիշատակված համամարդկային արժեքները միայն նյութական արժեքները չեն, և թույլ տվեք ասել, որ այստեղ առավելապես խոսքը դրանց մասին չէ: ՄԱԿ-ի և ժամանակակից միջազգային իրավական հիմնարար փաստաթղթերի վերլուծությունից հետևում է, որ այդպիսիք են դիտարկվում նաև այնպիսի ոչ նյութական, նաև իրավական երևույթներ, ինչպիսիք են հավասարությունը, հանդուրժողականությունը, համընդհանուր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, խաղաղությունը, արդարությունը, ժողովրդավարությունը և այլն:
Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրեց, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության նախաբանում ամրագրված արժեքները, մասնավորապես՝ համընդհանուր խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված և պահպանվող համամարդկային արժեքներ են և անառարկելիորեն կազմում են Սահմանադրությամբ արձանագրված «համամարդկային արժեքների» էությունը: Հետևաբար՝ դրանց պաշտպանությանը և պահպանությանն ուղղված՝ Կանոնադրությամբ արձանագրված նպատակների իրագործման՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը լիովին համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված՝ համամարդկային արժեքներին հավատարմության հավաստիքին:
Հարգելի՛ ներկաներ,
Ինչպես նշեցի՝ անցած տարին հարուստ էր սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու սահմանադրական իրավունքներին ու ազատություններին առնչվող՝ Սահմանադրական դատարանի հիմնարար ու սկզբունքային իրավական դիրքորոշումներով ու վերլուծություններով, որոնք կարևոր նշանակություն են ունեցել իրավական համակարգի ու իրավակիրառ պրակտիկայի համար:
Այդպիսի օրինակներից է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակության բացահայտման վերաբերյալ ՍԴ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ հայցային վաղեմության քաղաքացիաիրավական ինստիտուտի կիրառման առնչությամբ: Հիշատակված սահմանադրական դրույթի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
Սահմանադրական դատարանն այդ համատեքստում ստուգեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը, որը վերաբերում էր այն պահանջներին, որոնց վրա հայցային վաղեմությունը չէր տարածվում: Ինչպե՞ս էր կիրառվում սա պրակտիկայում. 1999-2006 թթ. ժամանակահատվածում հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերով նախնական և համարժեք փոխհատուցման վերաբերյալ անձանց պահանջները դատարանների կողմից մերժվում էին՝ հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, քանի որ, ինչպես նշեցի, Քաղ. օր. 344-րդ հոդվածը հայցային վաղեմության կիրառման բացառությունների մեջ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերը չէր ներառել:
Սահմանադրական դատարանը որոշեց, որ Քաղ. օր. 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ հայցային վաղեմության բացառման ցանկում հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հետ կապված վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք: Այսինքն՝ օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջների նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում։
Անհամեստություն կլինի, եթե ասեմ, որ շատ ավելի հետաքրքիր էին այս եզրահանգմանը բերած ՍԴ իրավական վերլուծությունները: Դրանցով Սահմանադրական դատարանն իրականում մի շարք կողմնորոշիչ չափորոշիչներ և ուղերձներ սահմանեց Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող իրավահարաբերություններում Սահմանադրությանը համահունչ թե՛ իրավակիրառական պրակտիկայի ձևավորման և թե՛ իրավաստեղծ գործունեության համար: Մասնավորապես, շեշտելով սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի համար և արձանագրելով, որ սեփականության իրավունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանադրաչափ սահմանափակումների, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը հատուկ նշեց, որ սեփականության իրավունքի առավել խիստ միջամտության այս հատուկ ձևի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը օտարելու իրավահարաբերությունների կարգավորման համար Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանադիրն արդեն իսկ սահմանել է միջամտության համաչափության միջոցը (փոխհատուցման) և դրան առաջադրվող որակական չափանիշները (նախնական և համարժեք)։
Ամփոփելով՝ նշեմ, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարված սեփականության դիմաց փոխհատուցումն այսպիսով վերածվել է Սահմանադրության ուղիղ հրամայականի, որի կատարման նկատմամբ ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր և ո՛չ էլ դատական իշխանությունը չունի միջամտության, ներառյալ նաև՝ այն սահմանափակելու հայեցողություն։
Հարգելի՛ գործընկերներ,
Իմ ելույթում շատ համառոտ ներկայացրի Սահմանադրական դատարանի դիրքորոշումներ՝ 2 ըստ էության որոշումներից: ՍԴ այս և մի շարք այլ որոշումներում իրավունքի ամենատարբեր ճյուղերին առնչվող հիմնարար դիրքորոշումների հասանելիությունը կարևորելով և դրանց կիրառությունը հեշտացնելու նպատակով այսօր ձեր դատին ենք ներկայացնելու ԱՄՆ ՄԶԳ նյութական աջակցության շնորհիվ վերահրատարակված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շտեմարանը:
Մեր նպատակն է ամենամյա պարբերականությամբ թարմացնել շտեմարանը` այն հարստացնելով Բարձր դատարանի կողմից ընդունված նորանոր իրավական դիրքորոշումներ պարունակող որոշումներով:
Շտեմարանը նախատեսված է թե՛ տեսական հետազոտություններով զբաղվող գիտնականների, թե՛ պրակտիկ գործունեության ոլորտում ներգրավված իրավաբանների համար:
Հուսով ենք՝ Շտեմարանն իրապես պիտանի կլինի ձեր ամենօրյա աշխատանքում և հեշտ կլինի օգտագործման համար:
Հարգելի՛ հյուրեր,
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել գործընկերներիս և բոլոր ներկաներին Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհակալություն:
20 դեկտեմբերի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՎԻԼՆԵԹԻՆ
2 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ
19 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ
29 նոյեմբերի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: