Top.Mail.Ru
2 նոյեմբերի 2017թ.

ՀՐԱՎԵՐ ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և հանրային իրավունքի կենտրոնի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը «Սահմանադրական զարգացումների հիմնական միտումներն Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Քեմբրիջի Համալսարանի Հանրային իրավունքի կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի առջև: Ներկաների հարցադրումների շրջանակներում վերլուծվեցին նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային բնույթ ունեցող մի շարք կարեւոր որոշումներ, ինչպես նաեւ համեմատական վերլուծության շրջանակներում ներկայացվեցին սահմանադրական զարգացումների բնորոշ գծերը Հայաստանի Հանրապետությունում:
Աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ Քեմբրիջի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռիչարդ Ֆենտիմանի, Հանրային իրավունքի կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Դեյվիդ Ֆելդմանի և Իրավաբանական գրադարան ղեկավար պարոն Դեյվիդ Ուիլսի հետ:
Պարոն Հարությունյանը Քեմբրիջի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի եւ Հանրային իրավունքի կենտրոնի գրադարանին նվիրեց անգլերեն լեզվով հրատարակված իր նոր մենագրությունները:
Քեմբրիջի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրաիրավական եւ օրենսդրական զարգացումները, սահմանադրական մշակույթի ձևավորման և զարգացման հարցում առկա հայրենական և միջազգային հիմնական մոտեցումները:
Քեմբրիջի համալսարանի Հանրային իրավունքի կենտրոնի նախագահի հետ կայացած հանդիպման շրջանակներում քննարկվեցին կենտրոնի հետ հետագա համագործակցության հիմնական հեռանկարները: Առանձնապես կարեւորվեց Հանրային իրավունքի կենտրոնի եւ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի փոխգործակցության ուղղությամբ ակտիվ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: