ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին, քննելով 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում (այսուհետ՝ Հռոմի կանոնադրություն) և Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, ՍԴՈ-1680 որոշմամբ որոշել է, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն դրա վավերացման գործընթացը կանգ էր առել Սահմանադրական դատարանի 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ, որով Հռոմի կանոնադրության նախաբանի 10-րդ մասով և 1-ին հոդվածով ամրագրված՝ ՄՔԴ իրավազորության հիմքում ընկած լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունները ճանաչվել էին Սահմանադրության (1995 թ. խմբագրությամբ) 91-րդ և 92-րդ հոդվածներին (քրեական արդարադատությունը Սահմանադրությամբ նախատեսված դատարանների կողմից իրականացման բացառիկության մասին) չհամապատասխանող: Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող էր ճանաչել նաև Հռոմի կանոնադրության 105-րդ հոդվածով՝ ՄՔԴ կողմից դատապարտված անձի ներման կամ համաներման արգելքից բխող պարտավորությունները Սահմանադրության (1995 թ. խմբագրությամբ) 40-րդ հոդվածին (ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք), 55-րդ հոդվածի 17-րդ կետի (դատապարտյալին ներում շնորհելու՝ Հանրապետության Նախագահի լիազորություն), 81-րդ հոդվածի 1-ին կետի (համաներում հայտարարելու՝ Ազգային ժողովի լիազորություն) պահանջներին:
Կառավարությունը 2022 թ. դեկտեմբերի 29-ի N 2097-Ա որոշմամբ հավանություն էր տվել Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և դրա 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՄՔԴ իրավազորությունը հետադարձորեն՝ 2021 թ. մայիսի 10-ից ի վեր ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը և դրանցում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով 2023 թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան:
2023 թ. մարտի 24-ի ՍԴՈ-1680 որոշմամբ Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելով՝ Սահմանադրական դատարանը հնարավոր անորոշությունը կանխելու նպատակով հատուկ անդրադարձել է 2004 թ. ՍԴՈ-502 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Ըստ այդմ՝ ՄՔԴ իրավազորության իրականացման հիմքում դրված լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասով Սահմանադրական դատարանը որոշել է, որ Կանոնադրության նախաբանի 10-րդ մասում և 1-ին հոդվածում ամրագրված պարտավորությունները նույն որոշմամբ բերված պատճառաբանությամբ համապատասխանում են Սահմանադրությանը՝
ա) հաշվի առնելով Սահմանադրությամբ և Հռոմի կանոնադրությամբ հետապնդվող նպատակների և դրանց հիմքում ընկած արժեբանության համընկնելը,
բ) նկատի ունենալով, որ Հռոմի կանոնադրության նախաբանի 10-րդ մասով և 1-ին հոդվածով նախատեսված և 17-րդ հոդվածով մանրամասնված՝ ՄՔԴ իրավազորության հիմքում ընկած լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքի էությունը հարգանքն է Հռոմի կանոնադրության կողմ հանդիսացող պետության քրեական իրավազորության առաջնայնության նկատմամբ, և որ այն ծագում է միայն տվյալ պետության քրեական իրավազորության համակարգի՝ իր նպատակը հետապնդելիս ձախողվելու դեպքում,
գ) ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի՝ հայ ժողովրդի կողմից Սահմանադրության նախաբանում արձանագրված «համամարդկային արժեքներին» հավատարմության հավաստիքը անառարկելիորեն ներառում է միջազգային հանրության մտահոգությունը հարուցող և համընդհանուր խաղաղության ու բարօրության համար սպառնալիք հանդիսացող ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարում միջազգային համագործակցության իր քաղաքակրթական հանձնառությունը, որը Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության համար սահմանադրական հրամայականի կարևորություն ունի:
ՄՔԴ կողմից դատապարտված անձի ներման կամ համաներման մասով Սահմանադրական դատարանը պարզել է, որ ՄՔԴ կողմից ազատազրկման դատապարտված անձի պատժի կրման առնչությամբ պետության՝ Հռոմի կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորություններն անմիջականորեն չեն ծագում դրա վավերացմամբ, այլ կողմ հանդիսացող պետությունը կամընտրաբար ստանձնում է դրանք որոշակի պայմանների առկայությամբ, որոնք առկա չեն Հայաստանի դեպքում: Հետևաբար՝ Հռոմի կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն կարող համարվել Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով միջազգային պայմանագրով «ամրագրված պարտավորություններ», քանի որ Հռոմի կանոնադրության վավերացմամբ դրանք Հայաստանի Հանրապետության համար չեն ծագում անմիջականորեն, այլ միայն այլ միջազգային պայմանագրով, ինչը սույն գործով քննության առարկա չի հանդիսացել:
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1680 որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով։
Սահմանադրական դատարանը հրապարակում է ՍԴՈ-1680 որոշոման երզրափակիչ մասը https://youtu.be/YpvnevU3BBo
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: