Top.Mail.Ru
18 նոյեմբերի 2017թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՌՈՄՈՒՄ

Նոյեմբերի 17-18-ը «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը, «ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ, Սուրբ Աթոռի և Արևելագիտության պապական ինստիտուտի աջակցությամբ Հռոմի Արևելագիտության պապական ինստիտուտի Մեծ դահլիճում կազմակերպել էր «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծին նետված մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» խորագրով միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովին մասնակցում էին մի շարք երկրների սահմանադրական դատարանների պատվիրակություններ, Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրահայտ սահմանադրագետներ Ավստրիայից, Հունգարիայից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Մակեդոնիայից, Սերբիայից, Իռլանդիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Տաջիկստանից:
Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն Գ. Հարությունյանը եւ Արևելագիտության պապական ինստիտուտի ռեկտոր Դավիդ Նազարը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոն, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի խորհրդի նախագահ, կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, Արևելագիտության պապական ինստիտուտի կանոնական իրավունքի ֆակուլտետի դեկան հայր Ջորջ Ռոյսենը:
Խորհրդաժողովի առաջին նիստում (նախագահում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին փոխնախագահ, Կենտրանական Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Անդրաշ Շայոն) զեկուցումներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ «Մարդու սոցիալական և իրավական վարքագծի սահմանադրականացման հրամայականները», Կոսովոյի մասնագիտական պալատների Սահմանադրական դատարանի նախագահող դատավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր տկն Էն Փաուեր-Ֆորդեն՝ «Անհատի արժեքը ժամանակակից սահմանադրական մշակույթում և կենսաբժշկության էթիկական և իրավական մարտահրավերները», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, պրոֆեսոր Բոշտյան Զուպանչիչը՝ «Նասցիտուրուսի իրավասուբյեկտությունը և նրա կյանքի իրավունքը» և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեկցիայի նախագահ պրն Ռոբերտ Սպանոն՝ «Մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը» թեմաներով:
Հարց ու պատասխաններով քննարկվեցին զեկուցումներում արծարծված թեմաները:
Ընդմիջումից հետո երկրորդ նիստում (նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը) իրենց զեկույցները ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայաստանի աստվածաշնչյան ընկերության գլխավոր քարտուղար, արքեպիսկոպոս Եզնիկ Պետրոսյանը՝ «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծի արդի մարտահրավերները. պետության և եկեղեցու դերը դրանց հաղթահարման գործում», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին փոխնախագահ, Կենտրանական Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Անդրաշ Շայոն՝ «Համերաշխությունը (սոլիդարությունը) ժամանակակից սահմանադրական մտքում» և Պոլսի Հայ կաթողիկե արքեպիսկոպոսական թեմի առաքելական կառավարիչ, Արևելագիտության պապական ինստիտուտի պրոֆեսոր, արքեպիսկոպոս Լևոն Զեքիեանը՝ «Արժեքի և արժեքների միջև դիալեկտիկան: Պատմական զարգացման և ժամանակակից հիմնախնդիրների փիլիոսփայական տեսանկյունը» թեմաներով:
Երկրորդ նիստն ավարտվեց հարց ու պատասխաններով, թեմաների քննարկումներով:
Երրորդ նիստում (նախագահում էր Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տկն Վեսնա Իլիչ-Պրելիչը), զեկուցումներով հանդես եկան Միջազգային իրավունքի ռուսաստանյան ասոցիացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի ընտրված անդամ, նախկին Հարավսլավիայի և Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալների նախկին դատավոր, պրոֆեսոր Բախտիյար Տուզմուխամեդովը՝ «Սահմանադրական խնդրից սահմանադրական հրամայականի. դատական մարմինների կողմից մահապատժի արգելման վերլուծությունը» և Վրաստանի սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նախկին անդամ, Իլիայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Կոնստանտին Վարձելաշվիլին՝ «Սահմանադրության սրբազան գիրքը. արժեքներ, իդեալներ և իրավունքներ հետխորհրդային իրականությունում» թեմաներով:
Երրորդ նիստի ավարտին հաջորդեցին հարց ու պատասխանները՝ թեմաների քննարկումներով:
Խորհրդաժողովի չորրորդ նիստում (նախագահում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, պրոֆեսոր Բոշտյան Զուպանչիչը) զեկույցներով հանդես եկան Վենետիկի հանձնաժողովի անդամ, Սկոպյեի համալսարանի պրոֆեսոր տկն Տատյանա Կարակամիշևա-Յովանովսկան՝ «Սահմանադրական մշակույթը, լուսավորչականության մոտեցումը պոստ-սեկուլյար (հետաշխարհիկ) դարաշրջանում. ժամանակակից բալկանյան որոշ մոտեցումներ» և Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտական ղեկավար, սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսեյ Լիվերովսկին` «Էթնոկրոնական արժեքների իրավական իրագործումը պետությունների սահմանադրական զարգացման գործում»:
Չորրորդ նիստն ավարտվեց հարց ու պատասխաններով, թեմաների քննարկումներով:
Խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի կողմից սահմանված Մարդասիրական առաքելության Պատվո շքանշանի շնորհման արարողությունը: «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ի հիշատակ պրն Վարուժան Բուրմայանի, շքանշանը շնորհվեց նրա տիկնոջը` տկն Հիլդա Տիրուհի Բուրմայանին: Միջազգային խորհրդաժողովի շրջանակներում նոյեմբերի 18-ին կազմակերպվեց երկու կլոր սեղան, որտեղ ներկայացվեց Գ. Հարությունյանի, Հ. Սարգսյանի և Ռ. Գևորգյանի կողմից մշակված սահմանադրական մշտադիտարկման մեթոդաբանությունը:
Միջազգային խորհրդաժողովի ավարտին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Միքայել Մինասյանի կողմից միջազգային խորհրդաժողովի մասնակիցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար տրվեց պաշտոնական ընթրիք, որի շրջանակներում ներկայացվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանն ուղղված «StandTogether» ծրագրի ներկայացումը: