ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ:
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ողջունելով հյուրերին իր խոսքում նշել է, որ Սահմանադրական դատարանը, հիմնադրման օրից, անցել է ինստիտուցիոնալ զարգացման բավականին բարդ, սակայն, շատ կարևոր ճանապարհ՝ բախվելով տարաբնույթ մարտահրավերների ու խնդիրների։ «Այդ դժվարությունների զգալի մասը, իհարկե, բնորոշ էին նաև մեր հանրապետության պետական կառավարման համակարգին։ Վերջին տարիներին՝ հատկապես ԿՈՎԻԴ-19 համավարակի, 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում, այս դատարանի դատավորների մեծամասնության տեսլականը մշտապես եղել և մնում է անսասան՝ սահմանադրական արդարադատության միջոցով ապահովել Սահմանադրության գերակայությունը և ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում»։
Հայաստանում սահմանադրական արդարադատության հիմքերը դրվել են 1995 թվականի հուլիսի 5-ին համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության ընդունմամբ, որն ուրվագծեց այնպիսի դատաիրավական համակարգ, որը ներառում էր նաև Սահմանադրական դատարանը։ Ի կատարումն ընդունված Սահմանադրության՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որն ստորագրվեց Հանրապետության Նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 6-ին և ամբողջականացրեց նորաստեղծ սահմանադրական մարմիների գործունեության օրենսդրական հիմքերը։
1996 թվականի փետրվարի 5-ին և 6-ին կատարվեցին Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամների նշանակումները, Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողությունը, և Բարձր դատարանը պաշտոնապես սկսեց գործել 1996 թվականի փետրվարի 6-ից։
Սահմանադրությամբ իրենց վերապահված մանդատի բերումով սահմանադրական դատարաններն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեր հանրապետությունում, մեծ դեր ունեն հանրային-հասարակական փոխհարաբերությունների հավասարակշռման ու զսպումների և հակակշիռների արդյունավետ համակարգերի առարկայացման գործում։
«Սահմանադրական դատարանի գործառութային ամենաբնորոշ հատկանիշներից մեկը, որը նրան առանձնացնում է դատական իշխանության ավանդական համակարգի մյուս մարմիններից, թույլ է տալիս հասարակության մեջ առկա սուր հակադրությունների կարգավորումը քաղաքական հարթությունից տեղափոխել իրավական հարթություն և լուծում տալ՝ սահմանադրական արդարադատության միջոցով: Այլ կերպ՝ բացառապես իրավունքի հիման վրա և իրավական ընթացակարգերի կիրառմամբ լուծել քաղաքական բնույթի վեճերը, որոշակիորեն նպաստելով պետության ներսում առկա լարվածության թուլացմանն ու հասարակական համերաշխության վերականգնմանը: Դատարանների միջոցով քաղաքական ճգնաժամերի հաղթահարման ձևավորված և կայուն մշակույթի առկայությունը պետության ժողովրդավարական ինստիտուտների և կառույցների կայացվածության ևս մեկ ցուցիչ է, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ապահովվում ինչպես իրավունքի գերակայության, այնպես էլ` առհասարակ պետության կայուն, բնականոն և անցնցում զարգացման համար»,- նշել է ՍԴ նախագահը։
Արման Դիլանյանն ընդգծել է, որ միայն վերջին տարիների ընթացքում Սահմանադրական դատարանը հանրային և պետական կարևորության մի շարք առանցքային նշանակության գործերով ստանձնել և իրականացրել է յուրահատուկ «հավասարակշռողի» իր առաքելությունը, գործնականում քանիցս ապացուցել վերոհիշյալ գործառույթի արդյունավետությունը՝ ծանրակշիռ իրավական հենք տրամադրելով այս կամ այն լուծմամբ ներպետական խնդիրների հաղթահարման համար, ինչը, իհարկե, հավելյալ պատասխանատվություն է Բարձր դատարանի յուրաքանչյուր դատավորի և աշխատակցի համար։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը երախտիքի ու շնորհակալության խոսք է ուղղել Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամներին և ՍԴ առաջին նախագահ Գագիկ Հարությունյանին սահմանադրական արդարադատության ձևավորման և կայացման գործում նրանց հսկայական ավանդի համար:
Բարձր դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՍԴ աշխատակազմի բոլոր աշխատակիցներին իրենց ամենօրյա և պատասխանատու աշխատանքը մեծ նվիրումով և հոգատարությամբ կատարելու համար։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՍԴ մի խումբ աշխատակիցների հանձնվել են հուշանվերներ։
3 ապրիլի 2025թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: