Top.Mail.Ru
23 հոկտեմբերի 2015թ.

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի ,,Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով՛՛ հանձնաժողովի (Վենետիկի Հանձնաժողով) բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի բյուրոյի նիստին, որում քննարկվեցին Հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստի աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ Ուկրաինայում ընթացող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հիմնահարցերը:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, պարոն Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որի շրջանակներում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 եւ 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 եւ 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին Հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիեւայի, Ե. Տանչեւի եւ Կ. Տուորիի նկատառումների հիման վրա:
Անդրադառնալով ՀՀ սահմադրական բարեփոխումների հիմնահարցին, Վենետիկի Հանձնաժողովի անդամներ Տ. Խաբրիեւան, Ե. Տանչեւը, Ս. Բարտոլեն եւ Ա. Էնդինչը բարձր գնահատեցին առաջարկված սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ բնութագրելով այն որպես ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխանող փաստաթուղթ:
Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը, որին մասնակցում են վաթսուն երկրների ներկայացուցիչներ, միաձայնությամբ հաստատեց փորձագետների խմբի կողմից ներկայացրած եզրակացությունները:
Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հանձնաժողովին տեղեկացրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունման հարցում առկա առաջընթացի մասին:
Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը՝ հոկտեմբերի 24-ին: