Top.Mail.Ru
10 հունիսի 2016թ.

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն Գ. Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի բյուրոյի նիստին, որին քննարկվեցին Հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստի աշխատանքների կազմակերպման հարցերը: Բյուրոյի նիստին հաջորդեց պրն Գ. Հարությունյանի աշխատանքային հանդիպումը Վենետիկի Հանձնաժողովի Նախագահ, պրն Ջ. Բուքիքիոյի և Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի գլխավոր քարտուղար պրն Շ. Դյուրի հետ, որի ընթացքում քննարկվեցին ս. թ. հոկտեմբերի 20-23-ը Երևանում հրավիրվելիք համաեվրոպական խորհրդաժողովի հայեցակարգին առնչվող հարցեր:
Նույն օրը Վենետիկի Հանձնաժողովի գիտական խորհրդի նիստում քննության առնվեց պրն Գ. Հարությունյանի ներկայացրած՝ Երևանում հրավիրվելիք համաեվրոպական խորհրդաժողովի հայեցակարգը, որի շրջանակներում առաջարկվում է քննարկել հետևյալ երեք հիմնահարցերը.
- Սահմանադրական դատարանի դերը օրենքի բացի և իրավական անորոշության հաղթահարման գործում.
- Համակարգային սահմանադրական մշտադիտարկման տեղը և դերը սահմանադրական վերահսկողության համակարգի կատարելագործման և սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման գործում.
- Վենետիկի Հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստում ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկի» դերը և նշանակությունը մշտական սահմանադրական ախտորոշման և մշտադիտարկման իրականացման գործում:
Նշված հարցի վերաբերյալ կարծիքներ ներկայացրեցին Վենետիկի Հանձնաժողովի Նախագահ պրն Ջ. Բուքիքիոն, Գիտական խորհրդի նախագահ պրն Յ. Հելգեսենը, Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալներ պրն Կ. Տուորին, պրն Ք. Գրաբերնվարտերը: Գիտական խորհուրդը մեծապես կարևորեց ու հավանության արժանացրեց Երևանում համաեվրոպական խորհրդաժողով անցկացնելու ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գ. Հարությունյանի նախաձեռնությունը` քննարկման առարկա հիմնահարցերը բացառիկ կարևոր համարելով եվրոպական իրավական համակարգի հետագա զարգացումների համար:
Հունիսի 10-ին պրն Գ. Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին:
Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը պրն Կաառլո Տուորիին միաձայն ընտրեց Վենետիկի Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
Հանձնաժողովի լիագումար նիստում ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանը տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունման ընթացքի և Վենետիկի հանձնաժողովի փորձագետների նկատառումների իրացման վերաբերյալ:
Հանձնաժողովի լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն նաև հունիսի 11-ին: