Top.Mail.Ru
12 հոկտեմբերի 2026թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

     2026 թվականի հոկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Բարձր դատարանի հիմնադրման 30-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը, որն ամփոփում է Դատարանի անցած ճանապարհը, գործունեության կարևոր փուլերն ու սահմանադրական արդարադատության զարգացման պատմությունը։

     Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը նշել է, որ երեսուն տարին պարզապես ժամանակային սահման չէ։ Այն ինստիտուցիոնալ հիշողության, կուտակված փորձի, հաղթահարված մարտահրավերների և ձևավորված արժեքների ամբողջություն է։ «Այս տարիների ընթացքում Սահմանադրական դատարանը ոչ միայն անցել է զարգացման որոշակի ճանապարհ, այլև իր գործունեությամբ նպաստել է սահմանադրական արժեքների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և սահմանադրական մշակույթի զարգացմանը»։

     Արման Դիլանյանն ընդգծել է, որ Դատարանի իրական կարողությունը ստեղծում են մարդիկ՝ դատավորները, աշխատակազմը, խորհրդականները, վարչական և տեխնիկական անձնակազմը և անցած 30 տարիներին յուրաքանչյուր սերունդ Դատարանին փոխանցել է փորձ, իրավական մշակույթ և մասնագիտական արժեքներ։  Դատարանի յուրաքանչյուր որոշման հետևում կա բազմաթիվ մարդկանց անտեսանելի, բայց կարևոր աշխատանք։

     Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալագրեր է հանձնել Դատարանի մի խումբ աշխատակիցների՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի աշխատանքն իր կարևոր տեղն ունի ընդհանուր հաջողությունների և ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին։