Top.Mail.Ru
27 հունվարի 2017թ.

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԳԻՐՔ

Երբ անցյալ տարի հոկտեմբերին Երեւանում հրավիրվեց ՀՀ սահմանադրական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած Համաեվրոպական միջազգային խորհրդաժողովը, որին տեսաուղերձներ էին հղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդին, հընթացս համաժողովի կայացավ նաեւ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հիմնման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ կայացել էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» հայալեզու գրքի շնորհանդեսը:
Եվ ահա այդ գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց Ստրասբուրգում:
Հունվարի 26-ին, Եվրոպայի խորհրդի նստավայրում, կայացավ Եվրոպայի խորհրդում «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) եւ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից համատեղ կազմակերպված Սահմանադրական մշակույթի հիմնահարցերին նվիրված միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ․ Յագլանդը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ․ Բուքիքիոն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ Ա․ Շայոն, ՄԻԵԴ այլ դատավորներ, Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ԵԽԽՎ-ում Հայաստանյան և օտարերկրյա պատվիրակությունների անդամներ և պաշտոնատար այլ անձինք:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ․ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 16-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող այս միջոցառումը նվիրված է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրմանը, «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» մենագրության անգլերենով հրատարակմանը, ՀՀ Սահմանադրության քառալեզու հրապարակմանը և 2016թ․ հոկտեմբերի 20-23-ը Երևանում հրավիրված համաեվրոպական խորհրդաժողովի նյութերի տարեգրքի հրատարակմանը:
Միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ․ Յագլանդը կարևորեց Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի խորհրդի բոլոր ձեռնարկումներին: «Մենք նվիրված ենք այն Հայաստանին, որը կայուն է, ապագային նայող ու բարգավաճ», - ասաց պարոն Յագլանդը, - մեր հարաբերությունները երկկողմանի ճանապարհ է, եւ ես գնահատում եմ Հայաստանի՝ երկխոսության ու համագործակցության կայուն հանձնառությունը... Մենք գնահատում ենք այն անկեղծ ու ներգրավված ուղին, որով Հայաստանը մոտենում է տարբեր առաջարկություններին»:
«Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» անգլերեն մենագրությունը ներկայացրեց ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը՝ ընդգծելով գրքի գիտագործնական նշանակությունը Եվրոպայի խորհրդի երկրներում սահմանադրական մշակույթի արմատավորման գործում:
Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի իրավական ծրագրի ղեկավար, Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց տակավին վերջերս հրատարակված ՀՀ 2015թ․ բարեփոխված Սահմանադրության քառալեզու հրատարակությունը:
Միջոցառմանը հաջորդեց ընդունելություն: