Top.Mail.Ru
6 հունիսի 2022թ.

ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ

2022 թվականի հունիսի 3-4-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներին առաջադրվող բովանդակային պահանջները և Սահմանադրական դատարանի որոշումների կատարման առանձնահատկությունները» թեմայով երկօրյա մասնագիտական աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Երկօրյա աշխատաժողովին մասնակցել են Սահմանադրական դատարանի դատավորներ և Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների (Հանրապետության նախագահ, Ազգային ժողով, Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, դատարաններ, դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպան, փաստաբաններ) ներկայացուցիչներ:

Երկօրյա աշխատաժողովի շրջանակներում քննարկվել են Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներին առաջադրվող բովանդակային պահանջները, նշված ոլորտին առնչվող միջազգային փորձը, Սահմանադրական դատարանում իրավակիրառ պրակտիկայի վիճարկման առանձնահատկությունները, Սահմանադրության մեկնաբանության մեթոդաբանական առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի որոշումների կատարման մեթոդաբանական առանձնահատկությունները, ընդունված որոշումները հանրությանն ու հասցեատերերին հաղորդակցելու առանձնահատկությունները: