ՀԱՄԱՏԵՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 20-22-ին տեղի ունեցան Ավստրիայի եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանների համատեղ քննարկումները սահմանադրական արդարադատության երեք հրատապ թեմաների շուրջ:
Հայաստանի Հանրապետության եւ Ավստրիայի սահմանադրական դատարանների նախագահները հանդես եկան «Սահմանադրական դատարանի դերը հիմնարար իրավունքների անմիջական գործողության ապահովման գործում» թեմայով զեկույցներով:
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը եւ Ավստրիայի սահմանադրական դատարանի դատավոր Ինգրիդ Սիես-Սխերզանդը զեկույցներ ներկայացրեցին «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կոնվենցիոն իրավունքների կապակցությամբ սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկան» թեմայով:
«Սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակն իրավական պրակտիկայում» թեմայով զեկուցումներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանը եւ Ավստրիայի սահմանադրական դատարանի դատավոր, պրոֆեսոր Լայնբախերը:
Զեկույցների շուրջ ծավալված երկօրյա քննարկումներին Ավստրիայի սահմանադրական դատարանը մասնակցում էր ամբողջ կազմով:
Նման համատեղ մասնագիտական քննարկումների կազմակերպումը սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակման ու միջազգային համագործակցության առավել արդյունավետ ձեւ է:
Ավստրիան աշխարհում առաջին սահմանադրական դատարան ստեղծած երկիրն է /1920թ./, ունի այս ոլորտում հսկայական փորձ ու միջազգային առաջատար դերակատարություն: Հայաստանի Հանրապետության եւ Ավստրիայի սահմանադրական դատարանների ակտիվ համագործակցությունը դարձել է ավանդական ու նաեւ կարեւոր նշանակություն է ստացել սահմանադրական արդարադատության նոր մարտահրավերներին դիմակայելու համատեղ մոտեցումների մշակման առումով:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: