Top.Mail.Ru
1 փետրվարի 2016թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ

Ս. թ. հունվարի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն. Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016թ. դատական տարվա հանդիսավոր բացման արարողությանը և ունեցել է մի շարք պաշտոնական հանդիպումներ:
Հունվարի 26-ին Գ. Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պրն. Գուիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, ՄԻԵԴ-ի Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր Ա. Հարությունյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ա. Գյուլումյանը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև հետագա համագործակցությունն ակտիվացնելուն և խորացնելուն առնչվող մի շարք հարցեր:
Շնորհավորելով պրն Ռայմոնդիին ՄԻԵԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով նրան ստանձնած պարտավորությունները բարեհաջող իրականացնելու գործում՝ պրն Գ. Հարությունյանը, նրան հրավիրեց պաշտոնական այցով այցելել Հայաստան, ինչպես նաև մասնակցել ս.թ. հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվելիք սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված միջազգային ամենամյա խորհրդաժողովին:
Հունվարի 28-ին տեղի ունեցավ պրն Գ. Հարությունյանի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ա. Պապիկյանը, Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թ. Մարկերտը և գլխավոր քարտուղարի տեղակալ տկն Ս. Գրանատա-Մենգինին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց իրավունքի գերակայության երաշխավորման հարցում սահմանադրական մշտադիտարկման դերին և այդ ուղղությամբ իրականացվելիք հնարավոր քայլերին: Մասնավորապես, պրն Գ. Հարությունյանը հանդես եկավ սահմանադրական մշտադիտարկման հիմնահարցերին նվիրված համաեվրոպական գիտաժողով կազմակերպելու առաջարկությամբ:
Հունվարի 29-ի առավոտյան տեղի ունեցավ Գ. Հարությունյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Պապիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, ԵԽ այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրավունքի գերակայության ամրապնդման հարցում Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների հետ հետագա համագործակցության հնարավոր ուղիները և եղանակները:
Դատական տարվա պաշտոնական բացման միջոցառուների շրջանակներում պրն. Գ. Հարությունյանն առանձնազրույցներ ունեցավ ՄԻԵԴ փոխնախագահ պրն. Ա. Շայոյի, ՄԻԵԴ բաժանմունքի նախագահ տկն Ա. Նյուսբերգերի, ՄԻԵԴ դատավորներ պրն Է. Կուրիսի, պրն Պ. Պինտո դե Ալբուքերքեի հետ:
ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ՄԻԵԴ-ի դատական տարվա բացմանը նվիրված սեմինարին, որը կազմակերպվել էր «Միջազգային և ազգային դատարանների պայքարը մարդու իրավունքների լայնածավալ խախտումների դեմ. Ցեղասպանություն, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ, ռազմական հանցագործություններ» թեմայով:

1 февраля 2016г.