Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորների հայտարարությունը
Հարգելի՛ հայրենակիցներ,
հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.
1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
2. Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:
3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:
4. Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց:
5. Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։
ք. Երևան 28.06.2019թ.
Հայատարարությունը ստորագրել են՝ Սահմանադրական դատարանի նախագահ՝ Հ.Թովմասյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ՝ Ա.Գյուլումյանը, Ա.Դիլանյանը, Ֆ.Թոխյանը, Ա.Թունյանը, Ա.Խաչատրյանը, Հ.Նազարյանը, Ա.Պետրոսյանը
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: