Top.Mail.Ru
5 փետրվարի 2016թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Փետրվարի 5-ին Կառավարության ընդունելությունների տանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, կայացավ ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսություն։ Ողջունելով հյուրերին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հակիրճ ներկայացրեց Սահմանադրական դատարանի ստեղծման անհրաժեշտությունն ու կառույցի անցած 20-ամյա ճանապարհը։ (Տեղեկատվության վերջում պարոն Հարությունյանի ելույթը ներկայացվում է ամբողջությամբ)։
Հանդիսությանը մասնակցում էին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ։
Իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Վերջիններիս բաժանվեց անգլերեն եւ ռուսերեն լեզուներով Գ. Հարությունյանի ելույթի տեքստը։
Ներկաներին բաժանվեցին ՀՀ ՍԴ-ի նոր հրատարակություններ՝ Գ. Հարությունյանի «Սահմանադրական մշտադիտարկում» գիրքը՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով, ՀՀ ՍԴ-ի տարեկան հաղորդումը՝ «ՍԴ ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ», «Конституционное правосудие» ամսագիրը, «Ալմանախ» քառալեզու տարեգիրքը։