Top.Mail.Ru
23 մարտի 2015թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Մարտի 21-ին Վենետիկում կայացավ Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի բյուրոյի նիստը, որը նախագահում էր Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը: Բյուրոյի նիստի օրակարգում ընդգրկված էին Համաշխարհային կոնֆերանսի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում ֆինանսական հաշվետվության քննարկման, կազմակերպության աշխատանքային մեթոդների հստակեցման, մասնակիցների միջեւ ավելի սերտ համագործակցություն հաստատելու, ինչպես նաեւ կոնգրեսների միջեւ ընկած ժամանակահատվածում վերջինիս աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու հնարավոր եղանակներին ու միջոցներին առնչվող հարցեր:
Բյուրոյի նիստում միաձայն որոշվեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի հաջորդ Կոնգրեսն անցկացնել 2017 թվականին՝ Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում: Համաշխարհային կոնֆերանսին անդամակցող սահմանադրական արդարադատության տարածաշրջանային եւ լեզվական խմբերն իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեցին Բյուրոյին: Բյուրոն ողջունելի համարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի նախաձեռնությունը` Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի` «Սահմանադրական արդարադատություն» բանբերի տարեկան մեկ համարը նվիրել Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի գործունեության լուսաբանմանը եւ դրա մասնակիցների ներկայացրած նյութերի հրատարակմանը անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: