Top.Mail.Ru
6 մայիսի 2021թ.

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը գրքեր է նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի գրադարանին։ Նվիրատվությունը կատարվել է Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի և Սեյմի անունից։
Այս առիթով Սահմանադրական դատարանի գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ դեսպան Չեպլակը ՍԴ նախագահ Արման Դիլանյանին է հանձնել 1791 թվականի մայիսի 3-ին ընդունված Լեհաստանի Սահմանադրության օրինակը՝ հույս հայտնելով, որ Սահմանադրական դատարանի և Լեհաստանի սահմանադրական տրիբունալի երկարամյա գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ հիմք ստեղծելով նորանոր փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորել է լեհ ժողովրդին՝ մայիսի 3-ին նշվող Սահմանադրության օրվա կապակցությամբ, ինչպես նաև երախտիքի խոսք է ասել դեսպան Չեպլակին՝ առանձնահատուկ կարևորություն տալով սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական և կրթական ներուժի զարգացմանը միտված փոխշահավետ նախաձեռնությունների իրականացմանը։ Այնուհետև Արման Դիլանյանը դեսպան Չեպլակին հրավիրել է ծանոթանալու ՍԴ գրադարանի ժառանգությանը։