Top.Mail.Ru
17 սեպտեմբերի 2021թ.

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ

2021 թվականի սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի «Շահամիր և Հակոբ Շահամիրյանների» անվան նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան առաջին համատեղ ծրագրի մեկնարկին նվիրված շնորհանդես-միջոցառումը:
Ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի մասնագիտական կարողությունների ու հմտությունների ամրապնդմանը և Բարձր դատարանի հանրային հաղորդակցության ռազմավարության հայեցակարգի լրամշակմանը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության վերապատրաստման դասընթացներ, որոնց կմասնակցեն նաև Նիդերլանդներից հրավիրված արդարադատության ոլորտի փորձագետներ:
Միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն իր ողջույնի խոսքում կարևորեց Բարձր դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին նախաձեռնողական և կառուցողական աշխատանքի համար: Իր պատասխան խոսքում դեսպան Սխերմերսը շնորհակալություն հայտնեց Սահմանադրական դատարանին ծրագիրն իրականացնելու հնարավորության համար և հույս հայտնեց, որ այն կծառայի նախանշված նպատակներին, ինչպես նաև կնպաստի հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդմանը:
Միջոցառմանը մասնակցում էին դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: