Top.Mail.Ru
29 հոկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՖՐԱՆԿՈՖՈՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Կանադայի Գերագույն դատարանի նախագահ, Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության նախագահ Ռիչարդ Վագների միջև տեղի ունեցած նամակների փոխանակման և դրան նախորդած քննարկումների արդյունքում Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության բյուրոն միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ Ընկերակցությանն անդամակցությանը:
Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության տարածած մամուլի պաշտոնական հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, որի նախագահը Արման Դիլանյանն է, պաշտոնապես կդառնա ընկերակացության 46-րդ լիիրավ անդամը և կլինի Եվրոպայի Հարավային Կովկաս տարածաշրջանի առաջին սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը, որն անդամակցում է Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցությանը: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արդեն իսկ անդամակցում է մի շարք տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովին (2001 թվականից), ինչպես նաև ակտիվ գործընկերություն է զարգացնում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ»:
Հաղորդագրության ամբողջական ֆրանսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://accf-francophonie.org/la-cour-constitutionnelle-de-la-republique-darmenie-devient-membre-de-laccf