Top.Mail.Ru
8 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և երկու երկրների սահմանադրական դատարանների միջև փոխադարձ շահավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի Հանրապետության դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի դատաիրավական համակարգի զարգացման օրակարգին և կիսվել ժողովրդավարական բարեփոխումների լիտվական փորձով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների սահմանադրական դատարանների գործընկերության խթանմանը, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին: Դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի կողմից ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը: