Top.Mail.Ru
17 նոյեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԱՏՄ ԴԱՏԱՐԱՆԻ IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

2021 թվականի նոյեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի IV միջազգային խորհրդաժողովի բացման արարողությանը։ Միջոցառումն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով և կրում է «Իրավունքի միանման կիրառման ապահովումը Եվրասիական տնտեսական միությունում․ Դատարանի դերը» խորագիրը։
Խորհրդաժողովի մեկնարկին Արման Դիլանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ դատարանի նախագահ Էռնա Հայրիյանին՝ միջոցառման կազմակերպման բարձր մակարդակի համար և հույս հայտնել, որ նախանշված թեմայի շրջանակներում առաջիկա օրերին սպասվող մասնագիտական քննարկումները կնպաստեն եվրասիական տիրույթում իրավունքի կիրառման լավագույն փորձի փոխանակմանը։
Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է ԵԱՏՄ տարածքում թվային փոխակերպման գործընթացը և առաջարկել է դիտարկել միջդատարանական համագործակցությանը միտված էլեկտրոնային արդարադատության գործիքների հետագա ներդրումը:
Ամփոփելով իր խոսքը՝ Արման Դիլանյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ խորացնելու Եվրասիական տնտեսական միության դատարանի, ինչպես նաև անդամ-պետությունների Բարձր դատարանների հետ գործընկերային հարաբերությունները: