Top.Mail.Ru
20 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

2020 թվականի առաջին կիսամյակում հունվար - հունիս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 8.4 մլն դրամ։
Երկրորդ կիսամյակում հուլիս - օգոստոս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն դրամ։ Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահը չեն ստացել որևէ դրամական պարգևատրում։
Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի աշխատակազմին և աշխատակազմի ղեկավարին, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացված պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 43.2 մլն դրամ, իսկ 2020 թվականի երկրորդ կիսամյակում ՝ 49.2 մլն դրամ, որից մոտ 42.6 մլն դրամը հատկացվել է hուլիս, օգոսոս, սեպտեմբեր ամիսների համար, իսկ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում հատկացվել է 6.5 մլն դրամ, որից 4.4 մլն դրամը տրամադրվել է նոյեմբեր ամսվա համար աշխատակազմի պարգևատրմանը մեկ ամսվա աշխատավարձի 30%-ի չափով։ 331.3 հզ դրամը տրամադրվել է հոկտեմբեր ամսին մեկ աշխատակցի, 337.6 հզ դրամը նոյեմբեր ամսին մեկ աշխատակցի և 1.4 մլն դրամը դեկտեմբեր ամսին 7 աշխատակիցների անհատական պարգևատրման համար՝ մեկ ամսվա աշխատավարձի 50-100%-ի չափով։
Բացի դրանից, 2020 թվականի դեկտեմբերին ՍԴ աշխատակիցներին և աշխատակազմի ղեկավարին հատկացվել է նաև աշխատավարձերի տարեկան տնտեսումից ստացված պարգևավճար (այսպես կոչված 13-րդ աշխատավարձ) ընդհանուր 23.5 մլն դրամի չափով։ Սահմանադրական դատարանի դատավորներին և դատարանի նախագահին աշխատավարձերի տարեկան տնտեսումից պարգևավճար չի հատկացվել։ Սահմանադրական դատարանում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64.5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Սահմանադրական դատարանի տարեկան խնայողությունն ամբողջությամբ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացվել էր 721.2 մլն դրամ, որից 491.4 մլն դրամը նախատեսվել էր աշխատավարձերի, իսկ 140.4 մլն դրամը՝ պարգևատրումների համար։