ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանում բացվեց գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի կտավների ցուցահանդեսը: Այն նվիրված էր ՀՀ Սահմանադրության օրվան:
Սահմանադրական դատարանի նախագահ, ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնող Գ. Հարությունյանը «Սահմանադրություն եւ մշակույթ» բնորոշ վերտառությունը տվեց այս միջոցառմանը, որի գաղափարը ծնվել էր պետական գործչի եւ գեղանկարչի մտերմության արդյունքում, եվ առիթն էլ Ստրասբուրգում Գ. Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» մենագրության անգլերեն լեզվով հրատարակության գրքի շնորհանդեսն էր, որին մասնակցող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ․ Յագլանդը հետեւյալ ձեւակերպումն արեց. «Սահմանադրական մշակույթը հայկական բրենդ է դառնում»:
Եվ ահա Ռուդիկ Պետրոսյանը կերտեց «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ» եռանկարը, որն այսօրվա ցուցահանդեսում առանձնակի տեղ էր զբաղեցնում:
Եռանկարի աջ կողմում Գրիգոր Լուսավորիչն է եւ Տրդատ թագավորը: Նրանք ապագային սեւեռված հայացքով խորհրդանշում են Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունելու խորհուրդը եւ հայ ժողովրդի արժեհամակարգային կողմնորոշումը: Կենտրոնում 365 թվականի Աշտիշատի ժողովի վերացարկված ընկալմամբ պատկերումն է, որտեղ բացառիկ վարպետությամբ ներկայացված են. ա/ժողովուրդը` ինքնաճանաչման եւ սահմանադրորեն ապրելու հաստատակամությամբ, բ/արդարադատության խորհրդանիշի ներդաշնակությունը հանրային տրամադրությանը, գ/ստեղծված հանրային մթնոլորտում իմաստունների ձեռամբ Սահմանադրության արարումը: Այս բոլորն ամփոփում են «սահմանադրություն» հասկացության վերաբերյալ 1837 թվականին Վենետիկում հրատարակված` Նոր բառգիրք հայկազյան լեզվի եզակի բնորոշումը. «Որոշումն սահմանաց եւ Տեսչութիւն վերին»: Ձախ կողմում Պատմահայր Մովսես Խորենացին է, ով բացառիկ գնահատական է տվել Աշտիշատի ժողովի ընդունած Կանոնական սահմանադրությանը` «կանոնական սահմանադրութեամբ հաստատեաց զողորմածութիւն», ինչը մագաղաթի վրա ներկայացնում են հրեշտակները:
Ցուցահանդեսում Ռուդիկ Պետրոսյանի մոտ երեսուն կտավների շարքում ներկայացված էին նաեւ նրա դստեր՝ նկարչուհի Մերի Պետրոսյանի կտավներից:
Արարողության մասնակիցներին ներկայացվեց նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի եւ Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորներ Հ. Սարգսյանի, Ռ. Գեւորգյանի հեղինակած «Սահմանադրականություն. ախտորոշման, մշտադիտարկման եւ կառավարման խնդիրներ» նոր լույս տեսած գիրքը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: