Top.Mail.Ru
27 մայիսի 2019թ.

ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում: Այցի շրջանակներում ՍԴ պատվիրակությանն ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Միաժամանակ, այցի ընթացքում ՍԴ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդգծեց երկու հայկական հանրապետությունների բարձր դատարանների միջև գործուն կապերի հետագա խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
ՍԴ պատվիրակությունը Ստեփանակերտ կատարված այցի շրջանակներում նաև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանի հետ: Կողմերը հատուկ անդրադարձ կատարեցին երկու հայկական հանրապետությունների իրավական երկխոսությանը, մասնավորապես սահմանադրական արդարադատության իրականացման բնագավառում:
Աշխատանքային այցի ընթացքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանրային դասախոսությամբ հանդես եկավ Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար: