Top.Mail.Ru
5 նոյեմբերի 2021թ.

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն արձանագրվել է հայ-վրացական բազմաբեւեռ հարաբերությունների եւ փոխգործակցության բարձր մակարդակը: Զրույց է ծավալվել երկու երկրների իշխանությունների` տարբեր թեւերում առկա գործընկերային հարաբերությունների եւ դրանց ընդլայնման շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Վրաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները չափազանց կարեւոր են բարեկամ երկրի հետ համատեղ աշխատանքային օրակարգեր ունենալու տեսանկյունից: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացումը բխում է եղբայրական եւ հարեւանային շահերի առաջնահերթություններից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի ՍԴ նախագահը կարեւորել է Հայաստան կատարած այցը՝ շեշտելով, որ երկու երկրների օրենսդիր մարմինների օրինակելի փոխգործակցությունը կարեւոր ցուցիչ է սահմանադրական դատարանների համար: Նրա խոսքով՝ Վրաստանի ՍԴ նիստերին իրենց մասնակցությունն են բերում պատգամավորները, ինչը մեծապես օգնում է օրինաստեղծ պրակտիկայի կատարելագործմանը:
Կողմերը քննարկել են գործընկերային ամուր հիմքեր ունեցող ծրագրերի իրականացմանը միտված հարցեր: