Top.Mail.Ru
1 նոյեմբերի 2018թ.

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԽ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՋԻԱՆԻ ԲՈՒՔԻՔԻՈՅԻ ՀԵՏ

«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդիպումը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Քննարկվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանում ընթացող գործընթացների սահմանադրությամբ սահմանված ընթացակարգերով ընթանալը:
Պարոն Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին իրավական բարեփոխումների և հատկապես Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացքում Վենետիկի Հանձնաժողովի ցուցաբերած աջակցության համար: Պարոն Բուքիքիոն անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը նշել է, որ այն Եվրոպական տարածաշրջանում լավագույններից մեկն է: Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի միջև ձևավորված բարիդրացիական ավանդույթները հետագայում էլ ավելի կխորացվեն:
Պարոն Թովմասյանն ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ, ամենամյա կոնֆերանսներ կազմակերպելու հարցում իր պատրաստակամությունը: Պարոն Բուքիքիոն ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովը մշտապես պատրաստակամ է լինելու Հայաստանում տեղի ունեցած զարգացումների հարցում իրավական աջակցություն ցուցաբերելու: