Top.Mail.Ru
9 ապրիլի 2019թ.

ԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԴՐԵԱՍ ՖՈՍԿՈՒԼԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Ավարտվեց Գերմանիայի Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցի ընթացքում պատվիրակությունը հյուրընկալվեց Հայաստանի սահմանադրական դատարանում, որտեղ նախ տեղի ունեցավ երկու երկրների սահմանադրական դատարանների նախագահների առանձնազրույցը: Դրան հաջորդեց ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում՝ «Անհատական գանգատի քննության սահմանները սահմանադրական դատավարությունում» թեմայով: Խորհրդաժողովի մասնակիցները քննարկեցին նաև երկու երկրների սահմանադրական դատարանների մի շարք որոշումներ:
Այցի շրջանակներում պատվիրակության ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Ցեղասպանության թանգարանում, որտեղ Անդրեաս Ֆոսկուլեն գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, այցելեց Մայր Աթոռ, ընդունելության արժանացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից, շրջեց Էջմիածնի թանգարանում: